Բաթումիի թիվ 4 հանրային դպրոցում վրաց-հայկական դասարան է բացվել: Առաջին դասարանի աշակերտները հնարավորություն ունեն ամեն օր, վրացերենին զուգահեռ նաև հայոց լեզու և գրականություն սովորել: Ծրագիրն այս տարի է հաստատվել: Վիրահայոց թեմի առաջարկով Վրաստանի և Աջարիայի կրթության նախարարությունների ու դպրոցների դեպարտամենտների աջակցությամբ է հնարավոր դարձել այն իրականություն դարձնել:
«Սա ինտեգրման կարևոր գործոն է, քանի որ 12 տարի մեր աշակերտները հայոց լեզու և գրականություն են սովորելու: Շատ լավ դասարան են մեզ տրամադրել, դպրոցը ևս պատրաստակամ է՝ առաջնորդելու, զարգացնելու այս ծրագիրը, ուստի շատ հետաքրքիր նախաձեռնություն եմ համարում»,- Ալիքի հետ զրույցում կարծիք հայտնեց Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Նա նաև նշում է, որ ներկայումս մասնագետների խնդիր դասարանը չունի, հետագայում կմտածեն նաև մանկավարժներ պատրաստելու ուղղությամբ:
Թեմի կողմից նաև տրանսպորտային միջոց է տրամադրվել, որը երեխաներին ամեն օր տնից դպրոց, դպրոցից տուն է տանելու: Նաև որոշվել է ընդառաջ գնալ ծնողներին և դասապատրաստումը ևս կազմակերպել դպրոցում: