Ակտիվ ընթացքի մեջ են Բաթումի-Ախալցիխե միջպետական նշանակության ճանապարհի Խուլո-Զարզմա հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Նշվում է, որ ծրագիրը բաժանված է 3 մասի, ընդհանուր առմամբ կվերականգնվի 47 կիլոմետր ճանապարհահատված և 7 կամուրջ։
«Ձյան առատ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով բարձր լեռներով անցնող այս հատվածում աշխատանքների ընթացքում դժվարություններ են ծագում։ Կապալառու ընկերությունները մաքրել են ճանապարհի մի քանի մետր ձյունը՝ աշխատանքները վերսկսելու համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Խուլո-Զարզմա հատվածի վերակառուցման ծրագրի շրջանակներում կիրականացվի ճանապարհի երկշերտ ասֆալտբետոնապատում: 5 կմ երկարությամբ հատվածը ֆինանսավորվում է պետական բյուջեից, որի արժեքը կազմում է 14,6 մլն լարի (մոտ 4 մլն 866 հազար 666 դոլար): Իսկ 42 կմ հատվածը ֆինանսավորվում է Քուվեյթի հիմնադրամի կողմից.
«Խուլո-Զարզմա նորացված ճանապարհն ամենակարճ ուղին է, որը կապում է Սամցխե-Ջավախեթիի և Աջարիայի շրջանները։ Վերականգնողական հատվածը սկսվում է Խուլոյից, կանցնի Գոդերձի լեռնանցքը և կհասնի Ադիգենի Զարզմա գյուղ։ Նորացված երթուղու ընթացքում Բաթումից Ախալցիխե հասնելու ժամանակը կկրճատվի 1,5 ժամով։
Ծրագրի իրականացումից հետո զբոսաշրջային հոսքը կավելանա, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տեղի բնակչության համար»: