Հունվարի 20-ին «Բաթումելեբի» լրատվամիջոցի օպերատոր Գուրամ Մուրվանիձեն 8-օրյա վարչական կալանքը կրելուց հետո Փոթիի կալանավայրից ազատ է արձակվել։
«Բաթումելեբի»-ի փոխանցմամբ` փաստաբան Միրզա Մամուլաձեն ասել է, որ հետաքննությունն անցկացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ (մանր խուլիգանություն) և 173-րդ (օրինական կարգին չենթարկվել) հոդվածներով։ Օպերատորը ձերբակալվել է Բաթումիում հունվարի 12-ին կայացած հանրահավաքի ժամանակ։
Ըստ «Բաթումելեբի»-ի, նրանց նկարահանած կադրերից պարզ երևում է, որ Մուրվանիձեն նկարահանումներ է կատարել ձերբակալման պահին, և այդ ժամանակ էլ նրան է մոտեցել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեն։
«Ինչպես ավելի ուշ Գուրամ Մուրվանիձեն ասել է իր փաստաբանին` ինքն Իրակլի Ջեբուաձեին բացատրել է, որ «Բաթումելեբի»-ի օպերատորն է և կատարում է իր մասնագիտական պարտականությունները, սակայն, չնայած դրան, Իրակլի Ջեբուաձեի ցուցումով ոստիկանությունը ձերբակալել է Գուրամ Մուրվանիձեին։ Կադրերում երեւում է նաեւ, որ Գուրամ Մուրվանիձեն ձերբակալության ժամանակ ոստիկաններին չի դիմադրել», — գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք նաև, որ ձերբակալվել է նաև «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով։