«Բաթումելեբի»-ի հիմնադիրն ու օպերատորը պետք է ազատ արձակվեն. CPJ

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Վրաստանում «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի և օպերատոր Գուրամ Մուրվանիձեի ձերբակալմանը:
CPJ-ն նշել է՝ պետք է պարզաբանել նաև, թե արդյոք Ամաղլոբելիի ազատազրկումը ծառայում է որպես վրեժ լրագրողական գործունեության համար։

«Մզիա Ամաղլոբելիին սպառնացող երկարաժամկետ ազատազրկումը անհամաչափ է թվում և օրինական մտավախություն է առաջացնում, որ նրա հետապնդումն օգտագործվում է իր ղեկավարած լրատվամիջոցները լռեցնելու համար», — հայտարարել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդը:

Հունվարի 11-12-ի երեկոյան Բաթումիում վարչական կարգով ձերբակալվել է «Բաթումելեբի»-ի թղթակից և օպերատոր Գուրամ Մուրվանիձեն, իսկ հունվարի 14-ին՝ դատապարտվել 8-օրյա ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Իրմա Տոգոնիձեն։

Ըստ «Բաթումելեբի»-ի՝ Մուրվանիձեն ձերբակալության ժամանակ նկարահանում է իրականացնելից եղել: Նրան մոտեցել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեն: Մուրվանիձեն պարզաբանել է՝ «Բաթումելեբի»-ի օպերատոր է և կատարում է իր մասնագիտական ​​պարտականությունները, սակայն, չնայած դրան, վերջինս Ջեբուաձեի ցուցումով ձերբակալվել է:

Հենց Ջեբուաձեի ցուցումով է ձերբակալվել նաև Մզիա Ամաղլոբելին. նա մեղադրվում է «ոստիկանի վրա հարձակվելու» մեջ։ Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը։

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի եվրոպամետ ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Ավելի ուշ ազատ է արձակվել, իսկ ազատ արձակվելուց մի քանի րոպե անց կրկին ձերբակալվել է՝ քրեական օրենսքով: