Վրաստանի ամենահայտնի՝ Bassiani գիշերային տեխնո-ակումբը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը:
Այս մասին գիշերային ակումբի ղեկավարները հայտնել են ակումբի ֆեյսբուքյան էջում:
Ակումբը հաշվի է առնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվություններ ու այլ երկրների փորձը:
«Մենք գիտակցում ենք, որ ցանկացած նմանատիպ որոշում լուրջ հարվածի տակ է դնում ցանկացած ոլորտ, ինչպես նաև աշխատանքի տեղավորված մարդկանց բարօրությունը: Չնայած դրան, մենք զգուշավորություն ենք դրսևորում, մենք չենք կարող վտանգել մեր այցելուների առողջությունը: Պատասխանատվությունը, հոգատարությունը միշտ լինելու են մեր գլխավոր արժեքները», – գրում է ակումբի ղեկավարությունը:
Bassiani-ն կոչ է անում զերծ մնալ այլ հասարակական վայրեր այցերից՝ հոգ տանելով դիմացինի առողջության մասին՝ ինչպես սեփական:
Գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին հայտնել է նաև ևս մեկ հանրահայտ թբիլիսյան գիշերային ակումբ՝ Mtkvarze-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը չեղարկել է մի շարք հանրային միջոցառումներ, արձակուրդներ են մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում, այցելուների համար փակ են թատրոններն ու թանգարանները: Դադարեցվել են մարզական առաջնությունները:
Վարակվածների թիվը հասել է 25-ի: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ շարունակում է մնալ 41 մարդ: Բոլորի վիճակը կայուն է: Եվս 1000 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ՝ տնային պայմաններում:
Վրաստանը փակել է ավիահաղորդակցությունն Իրանի, Չինաստանի ու Իտալիայի հետ: Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն, կամ ներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք: