
Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը C դիվիզիոնում ավարտվեց Վրաստանի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականի հաղթանակով։ Զվիադ Դիդբարիձեի մարզած թիմը եզրափակչում բավականին հեշտությամբ հաղթեց Մալթային՝ 61։37 հաշվով ու նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։
Անդորրայում կայացած մրցույթից հետո կազմակերպիչները C դիվիզիոնի լավագույն խաղացող են ճանաչել Վրաստանի հավաքականի անդամ Սալոմե Սվանիին։ Առաջնության խորհրդանշական լավագույն հնգյակում ընդգրկվել են երկու վրացիներ՝ Սալոմե Սվանին և Լիկա Կվիրկվելիան։
Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվով չորս հանդիպում է անցկացրել և չորսում էլ հաղթել է։ Խմբային փուլում վրացի աղջիկները հաղթեցին Ջիբրալթարի ու Մոլդովայի թիմերին, կիսաեզրափակչում՝ Ալբանիային։