Բանանով բեռնված ծովային կոնտեյներում 52 կգ «կոկաին» է հայտնաբերվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ երկրի ողջ տարածքում մեծ քանակությամբ թմրամիջոցի հայտնաբերման և իրացման դեպքեր են բացահայտվել։ Այս հարցի շուրջ ճեպազրույց է անցկացրել Քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեն։

Ըստ ՆԳՆի-ի՝ հայտնաբերվել է 52 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոց, որը գաղտնի տեղադրվել է բանանով բեռնված ծովային կոնտեյների մեջ և նախատեսվում էր Էկվադորից Վրաստանի տարածքով տեղափոխել Եվրոպա:

Ոստիկանները հայտնաբերել են նաև ինտերնետ-խանութ, որը «սև շուկայի» ավելի քան 50 տոկոսն է մատակարարել: Անձը, որի բնակելի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մինչև 4 կիլոգրամ «կոկաին», 27 հազար հատ թմրամիջոց «Էքստազի» հաբ և 10 կիլոգրամ թմրամիջոց MDMA, ձերբակալվել է:

Հանցագործության բացահայտման ժամկետների մասին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը չի խոսել, սակայն, նրա պարզաբանմամբ, «վերջին ժամանակահատվածում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ թմրանյութերի հանցագործությունների մեղադրանքով 77 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ 23 թմրավաճառ»։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։ Թմրամիջոցների համար նախատեսված հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։