Վրաստանի պաշտպանության ուժերի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Վազիանիի ուսումնավարժական բազայում, 100 զինվորականներ երդվել են երկրի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առջև։ Միջոցառմանը մասնակցել են նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
Զուրաբիշվիլին զինվորների առջև ունեցած իր ելույթում ասել է, որ վրացական բանակը լավագույնս գիտի, թե ով է թշնամին, ով` բարեկամը։ Նրա խոսքով, եվրոպական հեռանկարը անկախության, ինքնիշխանության, ինքնության, բազմազանության, հանդուրժողականության, խաղաղության և զարգացման ճանապարհն է։
«Այսօր մութ ուժերն աշխատում են և փորձում են հնազանդեցնել երկիրը, որին չեն կարողացել ծնկի բերել ո՛չ ազգամիջյան բախումներ առաջացնելով, ո՛չ եղբայրների միջև բախումներ հրահրելով, ո՛չ ուղղակի պատերազմով ու օկուպացիայով, այսօր նրանք կրկին փորձում են պառակտել հասարակությանը:
Թշնամին գիտեր ու լավ գիտի, որ Վրաստանի թուլությունը պայմանավորված է միայն հասարակության պառակտման միջոցով։
Ավելի քան 30 տարի այս երկիրը և նրա հասարակությունը համախմբված են մեկ նպատակի շուրջ՝ եվրոպական հեռանկար՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, ինքնության, բազմազանության, հանդուրժողականության, խաղաղության և զարգացման միակ ճանապարհ»,- ասել է նախագահը:
Ըստ նրա՝ 33 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ ճգնաժամեր, կրքեր, տարբեր քաղաքական շարժումներ, բայց ԵՄ-ին անդամակցելու նպատակը ոչ ոք կասկածի տակ չի դրել մինչ օրս։ Զուրաբիշվիլին նշել է իշխող կուսակցության առաջնորդների կողմից հակաարևմտյան ուղերձների համար օգտագործվող արտահայտությունները, միաժամանակ քննադատել է Վրաստանի արևմտյան գործընկերներին որպես «պատերազմի կողմ» ներկայացնելը։
«Այսօր ոմանք ցանկանում են մեր 30-ամյա դաշնակիցներին ու գործընկերներին ներկայացնել որպես ինչ-որ անհայտ և անդեմ պատերազմի կուսակցություն, որը Վրաստանին հրավիրում է արկածախնդրության կամ առճակատման, սա մեծ սուտ է և վնասակար է։
Մենք և առաջին հերթին` դուք, բոլորս շատ լավ գիտենք, և ոչ միայն վերջին 30 տարվա օրինակով, թե ով է Վրաստանի պետականության և անկախության անդադրում թշնամին, ով է 19-րդ դարից սկսած պայքարել վրաց լեզվի դեմ, ով է անընդհատ պայքարել վրաց եկեղեցու ու հավատքի դեմ և խոչընդոտել Վրաստանի անկախության համար բոլոր ջանքերը։
Այսօր քարոզել, որ թշնամին թշնամի չէ, և բարեկամն ու դաշնակիցը դաշնակից չեն, նույնն է, թե հերքել, որ մայրը՝ մայր է, իսկ հայրը՝ հայր»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահն իր ելույթում նշել է, որ ով հակասություն ու սադրանք է սերմանում, իր իսկ բանակի ու հայրենիքի դեմ է։
Նախագահից հետո ամբիոն է բարձրացել վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա ընդգծել է, որ չի ողջունում Վրաստանի նախագահի տեսակետները, վերջինիս հայտարարություններն անվանել է «այսօրվա համար անհարիր»։