Ամենահրատապ խնդիրներից մեկը, որին բախվում է Բալխո գյուղը, անանցանելի ճանապարհների մշտական առկայությունն է։
Գյուղի երիտասարդ բնակչուհի Դիանա Մկրտչյանը մեզ ներկայացրեց գյուղի խնդիրները։ Ըստ նրա` գյուղի ամենամեծ խնդիրն անանցանելի ճանապարհներն են, որը բարդացնում է բնակիչների առօրյան և վտանգում ապագան։
«Բալխոն գտնվում է Բուղաշեն և Գոման գյուղերի մեջտեղում, երկու կողմից էլ ահավոր է ճանապարհը, երկու կողմից էլ առանց ասֆալտապատման։ Ճանապարհների վիճակն այնքան վատ է, որ հաճախ տաքսիստները հրաժարվում են գալ դեպի Բալխո կամ պահանջում են 20-25 լարի, քանզի Ախալքալաքից գտնվում ենք 16 կմ հեռավորության վրա: Իսկ ձմռանն առատ ձյան պատճառով, գյուղի ճանապարհն անանցանելի է դառնում նույնիսկ օրերով», — պատմեց Դիանան:
Բնակիչը նշեց նաև, որ ձմռանն ամեն ինչ կրկնակի բարդանում է։ Գյուղը հաճախ ամբողջությամբ կտրվում է արտաքին աշխարհից։ Եթե որևէ մեկը հիվանդանում է կամ արտակարգ իրավիճակ է լինում, ստիպված են լինում ժամերով սպասել` մինչև օգնությունը կհասնի իրենց. եղել են դեպքեր, երբ անանցանելի ճանապարհների պատճառով, շտապ օգնությունը գյուղ հասնել չի կարողացել։
«Անցած ձմեռ այսպիսի մի դեպք պատահեց՝ տարեց տատիկը կոտրել էր իր 2 ոտքը: Այդ ժամանակ ճանապարհը երկու կողմից էլ փակ էր, և շտապ օգնությունը 3 օր չկարողացավ հասնել Բալխո գյուղ», — ասաց Բալխոյի բնակիչը։
Բալխո գյուղի ճանապարհների խնդիրը, նշեց բնակչուհին, շատ վատ հետևանքներ ունի, օրինակ՝ արտագաղթը։
«Ճանապարհների անմխիթար վիճակը լուրջ հետևանքներ է թողնում հատկապես երիտասարդների վրա։ Շատերն այլևս ապագա չեն տեսնում գյուղում և ստիպված հեռանում են։ Վերջին երկու տարվա ընթացքում գյուղից արդեն 10 ընտանիք է արտագաղթել։ Սա մեծ կորուստ է համայնքի համար, քանի որ հեռացողները հիմնականում երիտասարդներն են՝ իրենց ընտանիքներով։ Ամեն անգամ, երբ մեկ ընտանիք հեռանում է, համայնքը դառնում է ավելի փոքր ու անուժ»։
Այն հարցին, թե ինչպիսի լուծումներ են առաջարկում, բնակիչը պատասխանեց.
«Լուծումը, իմ կարծիքով, առաջնահերթություն տալն է այս խնդրին։ Եթե ճանապարհները բարեկարգվեն, մեր գյուղի կյանքը կփոխվի։ Երեխաները կկարողանան առանց դժվարության դպրոց հաճախել, հիվանդները՝ ժամանակին օգնություն ստանալ։ Մենք կկարողանանք ավելի ակտիվ մասնակցել տնտեսական և սոցիալական կյանքին։ Այս հարցը, մենք բազմիցս ենք ներկայացրել իշխանություններին։ Նամակներ ենք գրել, ստորագրահավաքներ կազմակերպել, բայց արդյունք չկա։ Ամեն անգամ խոստումներ են տրվում, որ ճանապարհների հարցը կլուծվի, բայց դա մնում է միայն խոստում, ու դեռ արդյունք չի նկատվում»:
Պարզաբանելու համար` արդյո՞ք քաղաքապետարանը զբաղվում է այս հարցով, թե ոչ, փորձեցինք կապ հաստատել քաղաքապետարանի հետ, բայց, ցավոք, ո՛չ դրական պատասխան ստացանք, ո՛չ բացասական։
Ըստ գյուղի բնակիչների եզրակացության, Բալխո գյուղի ճանապարհների խնդիրը միայն տեղաշարժի դժվարություն չէ. դա սահմանափակում է մարդկանց հասանելիությունը կենսական ծառայություններին, նպաստում արտագաղթին և վտանգում համայնքի ապագան։
Գյուղի բնակիչները շարունակում են սպասել փոփոխությունների՝ հուսալով, որ իրենց ձայնը մի օր կլսվի։