Բալթյան երկրների դեսպանները կանչվել են ԱԳՆ

Վրաստանում Լիտվայի և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանները և Լատվիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դարիուս Վիտկաուսկասը, Մարգե Մարդիսալու-Կահարին և Լոլիտա Լենկևիչը դեկտեմբերի 3-ին կանչվել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ):

Ըստ ԱԳՆ-ի, հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել Բալթյան երեք երկրների՝ Վրաստանի կառավարության ղեկավարների և իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու հայտարարության առնչությամբ։

Հիշյալ երկրներն օրերս հայտարարեցին, որ վիզային պատժամիջոցներ են սահմանել նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ։

ԱԳՆ-ում դեսպաններին ասել են, որ «այդ քայլը չի ​​համապատասխանում երկրների գործընկերային հարաբերությունների օրակարգին»։

ԱԳՆ-ն նշել է՝ Վրաստանը «հավատարիմ է միջազգային նորմերին, և Վրաստանի պետական ​​մարմինները գործում են Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան՝ երկրում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար»։

«Ինքնիշխան պետության ինստիտուտների գործունեության վրա ազդելուն ուղղված հայտարարություններն անընդունելի են, ընկալվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին»,- հանդիպմանը ասվել է դեսպաններին, փոխանցում է գերտեսչությունը։

Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան երկրների միջև ավանդաբար գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին։