Բալդիի կիրճի կառուցման հակառակորդների վրա հարձակվողները դատապարտվել են

Վրաստանի Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդի գյուղի կիրճի կառուցմանը դեմ Մինդիա և Արչիլ Բժալավա եղբայրների վրա հարձակվողներին դատարանը մեղավոր է ճանաչել:

Բալդիի կիրճի պահպանման կողմնակիցների ֆեյսբուքյան էջում նշված է, որ դատարանը մեղավոր է ճանաչել «Կանիոնի 350» ընկերության աշխատակից Գելա Խուրցիլավային և նրա եղբայր Գիգա Խուրցիլավային։

Գելա Խուրցիլավան դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Մինդիա Բժալավայի դեմ մահափորձի համար։ Նրա եղբայրը՝ Գիգա Խուրցիլավան, բնակչությանը սպառնալու համար դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման։

Բախումը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 11-ին այն վրանի մոտ, որտեղ գիշերել են Բալդիի կիրճում շինարարության հակառակորդները: Ըստ ականատեսների՝ Գելա և Գիգա Խուրցիլավանները հարբած վիճակում, որսորդական հրացանով և դանակներով մոտեցել են վրանին, հայհոյել և հարձակվել գյուղացիների վրա, որոնք մեկ տարի է պահանջում են դադարեցնել Բալդիի կիրճում, իրենց կարծիքով. անօրինական շինարարությունը։

Բալդիի կիրճի ներդրող ընկերությունը բռնության համար մեղադրել է հենց ցուցարարներին:

Գյուղացիներից մի քանիսի և «Կանիոնի 350» ընկերության ներկայացուցիչների միջև վեճը Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդիի կիրճում զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարության մեկնարկի հետ կապված շարունակվում է 2023 թվականի ամառվանից։ Ըստ «Բալդիի կիրճը պահպանելու համար» շարժման անդամների՝ բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող կիրճը 2022 թվականին Պահպանվող տարածքների գործակալության կողմից 40 տարի վարձակալությամբ փոխանցվել է «Կանիոնի 350» մասնավոր ընկերությանը՝ առանց տեղի բնակիչների իմացության։ Շինարարական աշխատանքները տեղում սկսվել են 2023 թվականի ապրիլին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պարտավոր է մինչև 3 մլն լարի ներդնել՝ կիրճը զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դարձնելու և էկոտուրիզմի ենթակառուցվածքներ կազմակերպելու համար՝ ներառյալ այցելուների կենտրոն, 350 մետր երկարությամբ երթևեկություն, ճոպանուղի և հետիոտնային արահետ։ Բնակչության մի մասը դեմ է այս շինարարությանը։ Նրանք կարծում են, որ պետության հետ «կոռուպցիոն գործարքով» օտարված տարածքում կենդանական աշխարհը կոչնչացվի, «կբետոնացվի», և տեղացիներին կարգելվի օգտվել հայրենի կիրճից։ 

Բալդիի կիրճի ներդրողին դատարանը տուգանել է քաղաքացուն ծեծելու համար