Բակուրիանիում որոնողական աշխատանքները վերսկսվել են

Լուսանկարը՝ radiotavisupleb-ից

Վրաստանի Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի ավանում ձնահյուսի մեջ մնացած մարդու որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքները ընդհատվել էին երեկ՝ մարտի 28-ին, ձնահյուսի վտանգի պատճառով:

Interpressnews լրատվամիջոցին արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից հայտնել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է նաև ուղղաթիռ։

Բակուրիանիի բնակիչները radiotavisupleba-ին պատմել են, որ Բակուրիանիից Ասպինձա տանող ճանապարհին՝ Օթա և Օշորա գյուղերի մոտ, մարտի 28-ի առավոտյան կվադրոցիկլերով վեց մարդ է եղել: Նրանք մոտակա սարից են սահել, և նրանցից մեկը ձյան զանգվածի պոկվելուց հետո մնացել է ձնահյուսի տակ:

Հիշեցնենք, որ երեկ որոնողական աշխատանքների մեկնարկից ժամեր անց՝ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Բակուրիանիում ձնահյուսի տակ մնացած մարդուն մահացած են հայտնաբերել. տեղեկությունը, սակայն, ժամեր անց հեռացվել էր կայքից:

Ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մահվան մասին լուրն այս պահի դրությամբ (ժամը 11:30) պաշտոնապես չի հաստատվել: