Բակուրիանիում ձնահյուսի մեջ մարդ են որոնում

Վրաստանի Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի ավանում լեռան լանջից ձնահյուս է առաջացել: Արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից հայտնում են, որ ըստ առկա տեղեկությունների՝ ձնահյուսի մեջ, հավանաբար, մեկ մարդ կա մնացած:

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուսաընկերության տվյալներով, Բակուրիանիում ձնահյուսի մեջ մնացած մարդուն մահացած են հայտնաբերել: Տեղեկությունն այս պահի դրությամբ (ժամը 15:15) պաշտոնապես չի հաստատվել:

«Մթավարի արխի»-ի փոխանցմամբ՝ զոհվածը 50 տարեկանից երիտասարդ տեղացի է: Դեռևս չի հաջողվել մարմինը դուրս բերել ձնահյուսի միջից:

ԱԻԿ-ի փոխանցմամբ՝ Բակուրիանիում մոբիլիզացված են հրշեջներն ու համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են փրկարար անօդաչու թռչող սարքեր և ԱԻԿ ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման բաժնի փրկարարները։

ԱԻԿ ծառայությունից նշել են, որ փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Թբիլիսիից լրացուցիչ փրկարարական ջոկատով ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռն արդեն ճանապարհին է: