Անկախ Վրաստանի պատմության մեջ Բակուրիանին առաջին անգամ հյուրընկալում է սնոուբորդի և դահուկային սպորտի աշխարհի առաջնությունը։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին, մինչև մարտի 5-ը աշխարհի շուրջ 42 երկրներից դահուկային աշխարհի աստղերը կժամանեն Վրաստան։
Վրաստանը առաջնությանը նախապատրաստվում էր ավելի քան 5 տարի։ Հանգստավայրում ստեղծվել են միջազգային չափանիշների նորագույն ենթակառուցվածքներ։
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Վիոնի խոսքերով՝ առջևում ծանրաբեռնված երկու շաբաթ է սպասվում, Բակուրիանիում անցկացվող առաջնությունից մեծ ակնկալիքներ կան։ Նա նշել է նաև, որ ֆեդերացիայի համար շատ կարևոր է դուրս գալ այն երկրների սահմաններից, որտեղ ավանդաբար տեղի է ունենում առաջնությունը և հուսով է, որ Բակուրիանին այդպիսով կընդգրկվի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի խաղացանկում։
Նշվում է, որ այս առաջնությունը կնպաստի Վրաստանի տնտեսության, սպորտի, հասարակական կյանքի, Բակուրիանիի, մյուս հանգստավայրերի և ընդհանրապես տուրիզմի զարգացմանը։
Առաջնության նախապատրաստման մեջ ներգրավված բոլոր կողմերը՝ պետական կառույցները, դահուկային սպորտի ֆեդերացիան և գործարար հատվածը հոգացել են, որպեսզի երկրի համար այս կարևոր իրադարձությունը տոնի վերածվի։ Ամեն մրցութային օրվա սկզբին՝ առավոտյան 10:00 – 22:00 հյուրերի և երկրպագուների համար կկազմակերպվեն տարբեր տեսակի ժամանցային միջոցառումներ։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ամենադիտարժան և էքստրեմալ սպորտաձևերը։
Աննա Թորոսյան, ստաժոր