Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների նախագահությամբ Բաքվում կայացել է երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի հետագա ակտիվացման, առևտրաշրջանառության խթանման և էներգետիկ ոլորտում հարաբերությունների հետագա ընդլայնման մասին հարցեր:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի բարեկամն ու հարևանն է, այլև հիմնական ռազմավարական գործընկերներից մեկը:
Իրակլի Ղարիբաշվիլի գնահատմամբ, ողջունելի է, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը տասնամյա դադարից հետո անցկացվում է Բաքու իր պաշտոնական այցի ընթացքում:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Բաքվում, մեր բարեկամ և հարևան երկրում, որն ինձ համար շատ թանկ է: Սա այս տարի իմ երկրորդ այցն է Ադրբեջանի Հանրապետություն: Կցանկանայի վերհիշել մեր արդյունավետ հանդիպումը, երբ պայմանավորվեցինք անցկացնել հանձնաժողովի ութերորդ հանդիպումը, որը շատ կարևոր է մեր երկրների համար», — ասել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունները, ընդգծել է նաև, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի շարունակ Վրաստանում ամենախոշոր ներդրումներ անող երկիրն է։
Ադրբեջանի վարչապետն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարության ղեկավարին Բաքու կատարած այցի և միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
Ըստ Ալի Ասադովի, Վրաստանի վարչապետի հերթական այցը Ադրբեջան վկայում է Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
«Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, ներդրումների և հումանիտար: Մեր համատեղ իրականացրած լայնածավալ, էներգետիկ և տրանսպորտային նախագծերը մեծացնում են մեր տնտեսական ներուժը», — ասել է Ալի Ասադովը:
Հանդիման վերջում նա հույս է հայտնել, որ բանակցությունները, որոշումներն ու ստորագրված փաստաթղթերը կնպաստեն երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը:
«Վստահ եմ, որ ձեր այցը հաջող կլինի և զգալի ներդրում կունենա Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում», — եզրափակել է Ասադովը: