Վրաստանյան BusinessPressNews-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական China Global Television Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը վրացական նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորության հետ մեկտեղ և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:
Ալիևն ասել է՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման հետ լրացուցիչ հնարավորություններ կստեղծի բեռնափոխադրումների ավելացման համար։
«Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ կիրականացվեն Վրաստանի ծովային նավահանգիստներով, և այդ առումով մենք մեծ հետաքրքրությամբ դիտարկում ենք որոշակի ներդրումների հնարավորությունները»,- ասել է Ալիևը։
Ալիևի խոսքով, Ադրբեջանի տարածքում «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն ավարտվել են գրեթե 70 տոկոսով։
«Մենք շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա, որը լրացուցիչ երթուղի կդառնա Ադրբեջանից դեպի Թուրքիա և Եվրոպա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Միաժամանակ, Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը չի ցանկանում լինել միայն տարանցիկ երկիր, ուստի նախատեսում է բազմաթիվ նոր ձեռնարկություններ ստեղծել իր միջով անցնող տրանսպորտային միջանցքների երթուղում. «Մենք ցանկանում ենք Ադրբեջանում ստեղծել խոշոր արդյունաբերական գոտիներ, և մենք արդեն շարժվում ենք այս ուղղությամբ»։
Հիշեցնենք՝ Բաքուն մշտապես պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Երևանը նման պարտավորություն երբևէ չի ստանձնել, շեշտում է, որ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը։
Պաշտոնական Երևանը Բաքվի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» պահանջը որակում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ, նման հարց չի պատրաստվում քննարկել՝ համարելով այն ՀՀ-ի «կարմիր գիծ»։