Ղազախստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նախատեսվածից շատ նավթ կարտահանի, գրում է bpn.ge լրատվականը:
Ըստ տեղեկության՝ ղազախական նավթային KazTransOil ընկերությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա վերջ Ակտաու նավահանգստից 1,4 մլն տոննա նավթ տեղափոխել Բաքվի նավահանգիստ:
Այս ցուցանիշն ավելի մեծ ծավալ է, քան այն, ինչ վերջերս նշել էր Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նրա կանխատեսմամբ՝ ԲԹՋ խողովակաշարով Ղազախստանից նավթի մատակարարումը 2023 թվականի վերջին կհասներ 1,125 մլն տոննայի։
Ի դեպ, Ակտաու նավահանգստից Թենգիզի նավթի մատակարարումը ԲԹՋ խողովակաշարով մեկնարկել է այս տարվա մարտին։ Ներկայում ծավալը մատակարարվում է Թենգիզի և Կորոլևսկոե հանքավայրերի շահագործման օպերատոր Tengizchevroil-ի ռեսուրսներից։
ԲԹՋ նավթամուղի երկարությունը 1768 կիլոմետր է, իսկ թողունակությունը գերազանցում է տարեկան 50 միլիոն տոննա նավթը։ 2022 թվականին ԲԹՋ խողովակաշարով նավթի արտահանումը կազմել է 225,445 միլիոն բարել, ինչը 12,6 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին էր։