Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով, այսօր կառավարության նիստում քննարկվել է հեռավար կրթության բարեփոխումներին վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը։
Նախարարը մանրամասնել է, որ կթույլատրվի բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի տեսական ուսուցումը որոշակի համամասնությամբ իրականացնել էլեկտրոնային եղանակով (հեռավար), նաև հնարավոր կլինի ստեղծել ամբողջական էլեկտրոնային ծրագիր և՛ բակալավրիատի, և՛ մագիստրոսական ծրագրերի համար։
«Դա վերաբերում է միայն բարձրագույն կրթությանը, որոշ դեպքերում` նաև մասնագիտական կրթությանը. մենք մի քանի ամիս է արդեն աշխատում ենք լավագույն միջազգային փորձի, նաև Վրաստանում առկա փորձի վերլուծության վրա և որոշում ենք կայացրել, որ ինչ-ինչ բաղադրիչներով դա կտարածվի ինչպես բակալավրիատի, այնպես էլ՝ մագիստրատուրայի և գործող որոշ ծրագրերի վրա: Համամասնական չափաբաժնով տեսական ուսուցումը կթույլատրվի էլեկտրոնային եղանակով»,- ասել է ԿԳԵ նախարարը:
Ըստ նախարարի՝ օրենքի ընդունումից հետո նախարարությանը կվստահվի միանգամայն նոր հայեցակարգային մոտեցում բարձրագույն կրթության օրենքում՝ համալսարանի առցանց հայեցակարգ և դրա մշակումը։