Այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներն այցելել են Թբիլիսիի Բագեբի բնակավայրի «Ուսանողական քաղաք» թաղամաս և հայտարարություն տարածել, ըստ որի` այնտեղ ապրում է մոտ 1500 մարդ, որոնց 20 տոկոսն է ուսանող։
«Մարտի 14-ին, 15-ին, 16-ին իրավապահները եղել են Բագեբի բնակավայրի «Ուսանողական քաղաք» թաղամասի բնակելի շենքերում։ Ուսանողական քաղաքի տարածքում հինգ բնակելի շենք կա, որտեղ ապրում են տարբեր տարիքի, մասնագիտության ներկայացուցիչներ։
Ընդհանուր առմամբ, տարածքում ապրում է մոտ 1500 մարդ, որոնցից միայն 20 տոկոսն է ուսանող», — ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր մոտ 30 ուսանողներ ակցիա են անցկացրել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի բակում։ Բողոքի մասնակիցներն անընդունելի են համարում, որ ոստիկանները մտել են ուսանողական հանրակացարան, և կարծում են, որ պետությունը փորձում է իրավապահների միջոցով վախեցնել մարտի 7-9-ի ակցիային մասնակցած երիտասարդներին։