Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվի ցուցահանդեսային տաղավարում բացվել է «Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետություն» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը նվիրված է Վրաստանի անկախության հռչակման 105-ամյակին։
Ցուցահանդեսին ներկայացված են Վրաստանի ազգային արխիվում պահպանվող 1918-1921 թվականների Վրաստանի պատմությունը պատկերող տարբեր նյութեր։ Փաստաթղթերի թվում են Առաջին Հանրապետության խորհրդանիշները՝ անկախության ակտեր, զինանշանի և դրոշի էսքիզներ, օրհներգի նոտաներ, ինչպես նաև մայիսի 26-ի հանդիսավոր տոնակատարության մասին փաստաթղթեր և երկրի քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքը պատկերող արխիվային նյութեր։
Ազգային արխիվի ցուցահանդեսային տաղավարում ցուցադրությունը կներկայացվի երկու ամիս։ Մուտքն անվճար է։