Բաչիաշվիլիին Հայաստան տեղափոխողը խոստովանել է

Երկու օր առաջ ձերբակալված «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիին Հայաստան տեղափոխողն իրեն մեղավոր է ճանաչել։ Այս տեղեկությունը հայտնել է Բաչիաշվիլիի փաստաբանը:

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նրան ձերբակալել էր մարտի 5-ին՝ վրաց-հայկական սահմանը «ապօրինի» հատելու հարցում Գիորգի Բաչիաշվիլիին «օգնելու» մեղադրանքով։

Դատարանը Բաչիաշվիլիի 2,5 մլն լարիի գրավը փոխարինել է ազատազրկմամբ. մարտի 6-ին կայացած դատական ​​նիստում դատավոր Գիորգի Գելաշվիլին ընդունել է դատախազի միջնորդությունը։

Արդյունքում՝ Բաչիաշվիլիի 2,5 մլն լարի գրավն ապահովելու համար կալանք դրված անշարժ գույքը կփոխանցվի Կատարման ազգային բյուրոյին՝ «գումարը վերականգնելու նպատակով»։

Նախօրեին՝ մարտի 5-ին, Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել նոր հանցագործության՝ սահմանի ապօրինի հատման համար, և այս գործով էլ դատապարտվել է ազատազրկման։

Բաչիաշվիլին մարտի 4-ին գրել էր, որ ստացել է «արժանահավատ տեղեկություն» իր անվտանգությանը սպառնացող «իրական սպառնալիքների» մասին, որոնք, ըստ նրա, «կարող են մահացու հետևանքներ ունենալ այսօրվա Վրաստանում»։

Բաչիաշվիլիին արգելված էր լքել երկիրը և հատել Վրաստանի սահմանը 2023 թվականի հուլիսից, իսկ նրա վրացական և ռուսական անձնագրերն առգրավվել էին։

Բաչիաշվիլին մարտի 4-ին ասել էր, որ օգտագործել է «համակարգի թերությունները» երկիրը լքելու համար: ՆԳՆ-ի վերջին հայտարարությունը նա դեռ չի մեկնաբանել։

Ուշագրավ է, որ Բաչիաշվիլիի «փախուստը» ՀՀ-ով՝ իշխանական փորձագետի համար հարմար «առիթ» էր հակահայ գրառում անելու համար: Բաչիաշվիլիին դատախազությունը երրորդ մեղադրանքն է առաջադրել: