
«Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին նախագահ և «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլին, որին Իվանիշվիլին դատի է տվել, երկիրը լքելուց հետո Հայաստանում է գտնվում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Բաչիաշվիլին հատել է վրաց-հայկական սահմանի վրացական կողմի սահմանային անցակետը «մեքենայում հատուկ թաքստոց օգտագործելով»: Ըստ ՆԳՆ-ի՝ վրացական անցակետը գաղտնի հատելուց հետո Հայաստանի սահմանային անցակետում նա «ներկայացրել է իր անունով տրված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող մեկ այլ անձնագիր» և այդկերպ հատել սահմանը։ Հայտնի չէ` Բաչիաշվիլին Հայաստանից մեկնել է ինչ-որ տեղ, և եթե` այո, ապա` որտեղ:
Բաչիաշվիլին մարտի 4-ին գրել էր, որ ստացել է «արժանահավատ տեղեկություն» իր անվտանգությանը սպառնացող «իրական սպառնալիքների» մասին, որոնք, ըստ նրա, «կարող են մահացու հետևանքներ ունենալ այսօրվա Վրաստանում»։
«Վրացական երազանք»-ին սատարող իշխանական փորձագետ Զաալ Անջափարիձեն հակահայ գրառմամբ է արձագանքել այս տեղեկությանը:
«Պատահաբար այդ մեքենան դիվանագիտական պետհամարանիշեր հո չունե՞ր, և «բարեկամ» երկրի դիվանագետ հո չէ՞ր վարում, որ սահմանին չեն ստուգել», — գրել է Անջափարիձեն:
Բաչիաշվիլիին արգելված էր լքել երկիրը և հատել Վրաստանի սահմանը 2023 թվականի հուլիսից, իսկ նրա վրացական և ռուսական անձնագրերն առգրավվել էին։
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Բաչիաշվիլիին. սա 3-րդ մեղադրանքն է:
Բաչիաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել երկու գործով՝ «կրիպտոարժույթի յուրացման» և «Մտկվարի ՀԷԿ»-ի գործով. երկու դեպքում էլ Բիձինա Իվանիշվիլին է ներգրավված։
Բաչիաշվիլիի դեմ առաջին գործը հարուցվել է 2023 թվականին՝ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության հիման վրա։ Դատախազությունը, հիմնվելով Իվանիշվիլիի հայտարարության վրա, Բաչիաշվիլիին մեղադրում է 39 մլն 215 հազար 820 ԱՄՆ դոլար արժողությամբ բիթքոյն յուրացնելու համար։ 2023 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան պարտավորեցրել է 2,5 մլն լարի գրավ վճարել։
«Մտկվարի ՀԷԿ»-ի գործով, որն ի սկզբանե եղել է գործի մաս, գործարարին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի փետրվարի 25-ին, և այս դեպքում նույնպես գրավ է սահմանվել՝ այս անգամ 50 հազար լարիի չափով։