«Բաց կառավարման գործընկերությունը» (OGP) կոչ է արել Վրաստանի կառավարությանը հետ կանչել ԶԼՄ-ներին և քաղաքացիական կազմակերպություններին սահմանափակող «գործակալների մասին» օրինագիծը, հակառակ դեպքում չի բացառվում, որ Վրաստանի OGP-ին անդամակցությունը դադարեցվի:
OGP-ն հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահների համատեղ նախաձեռնությամբ։ Այսօր OGP-ն միավորում է 75 անդամ երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակության հազարավոր կազմակերպությունների, որոնք աշխատում են բաց, արդյունավետ և թափանցիկ կառավարում ստեղծելու ուղղությամբ:
Երկու տարին մեկ անդամ երկրները OGP-ին են ներկայացնում քաղաքացիական սեկտորի հետ համագործակցությամբ պատրաստված գործողությունների ծրագիր, որում շարադրված են կառավարության կոնկրետ պարտավորությունները։
Բաց կառավարման միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամների՝ Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների դիմումի հիման վրա OGP միջազգային քարտուղարությունը գործարկել է «արձագանքման մեխանիզմը» (OGP Response Policy): Նշված մեխանիզմը նպատակաուղղված է ստեղծված ճգնաժամի լուծման գործում OGP միջազգային քարտուղարության, գործընկեր դոնորների և միջազգային կազմակերպությունների ներգրավվածության մեծացմանը։
OGP-ն ուսումնասիրել է քաղաքացիական հասարակության կոչը և պարզել, որ Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում OGP արժեքներին և սկզբունքներին։ Վրաստանի կառավարությունը 30-օրյա ժամկետ ունի «արձագանքման մեխանիզմի» շրջանակներում բացահայտված խնդիրները լուծելու կոնկրետ ծրագիր ներկայացնելու համար, որոնց թվում է խորհրդարանում նախաձեռնված օրենքը։
Համաձայն OGP-ի, այս աշխատանքային պլանը պետք է ներառի հստակ հանգրվաններ և իրականացման ժամկետներ՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում բարձրացված խնդիրները լուծելու համար, որոնք կարող են ներառել խտրական համարվող օրենսդրության չեղարկումը, հավաքների և մամուլի ազատության պաշտպանությունը, տեղեկատվության ընդլայնված հասանելիությունը:
OGP-ն նաև կոչ է արել Վրաստանի կառավարությանը դիտարկել համապատասխան երրորդ կողմի հանձնարարականները, ինչպիսիք են՝ Եվրահանձնաժողովի կողմից տրվածները ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի շրջանակներում:
«Առաջարկվող աշխատանքային պլանի մշակումն ու չկատարումը կարող է հանգեցնել Վրաստանի OGP անդամակցության կասեցմանը, քանի դեռ խնդիրները չեն լուծվել։ OGP-ի արժեքների և սկզբունքների խախտումը կարող է հանգեցնել նաև գործընկերության անդամակցության դադարեցմանը»,- ասված է OGP-ի հաղորդագրության մեջ։
OGP-ի միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ևս մեկ անգամ կոչ են արել կառավարությանը հետ կանչել «ռուսական օրենքը», որն անհամատեղելի է Եվրամիության իրավական համակարգի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև OGP-ի հիմնարար արժեքներին: