Ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը, որը մայիսի 17-ից շաբաթական 7 անգամ կիրականացնի Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթ, 2022 թվականի հոկտեմբերի 19-ից Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում է։
Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցների պատճառը բացատրել են հետևյալ կերպ.
«Ընկերությունը գործում է այն ոլորտներում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի կառավարության համար։ Ավիաընկերությունը բարձր մակարդակի աջակցություն է ցուցաբերում (տրանսպորտ, նյութատեխնիկական ապահովում և այլն) Ռուսաստանի իշխանություններին այն գործողությունների համար, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»:
Ի դեպ, Վրաստանի քաղավիացիայի փոխանցմամբ՝ ավիաընկերությանը թռիչքների թույլտվություն է տրվել մայիսի 15-ին։
Այսօրվա դրությամբ Azimuth Airlines-ը Եվրամիության սև ցուցակում չէ։
Azimuth Airlines-ը թռիչքներ է իրականացնում հիմնականում Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև հետխորհրդային որոշ երկրներում, Ստամբուլի և Թել Ավիվի ուղղությամբ։
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների գնահատմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։