«Ազգային գնահատման» հնարավոր վերադարձ. կարծիքներ

Մեկ տարի առաջ կրթության, գիտության և երիտասարդության նախկին նախարար Գիորգի Ամիլախվարին ասել էր, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշակերտի «դիագնոստիկ գնահատման» բաղադրիչը կվերադառնա:

Ազգային գնահատման («դիագնոստիկ գնահատում») ներդրման նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են. այս գնահատումը, ըստ երևույթին, քննություն է ենթադրում:

Ինչ է նշանակում Ազգային գնահատում՝

«Ազգային գնահատման համակարգի միջոցով պետությունն ստուգում է, թե արդյոք աշակերտների ձեռքբերումները համապատասխանում են ազգային ուսումնական ծրագրով սահմանված նվաճումների մակարդակներին և որքանով են դրանք իրատեսական», — բացատրվում է Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքում:

Ըստ նույն օրենքի՝ «դիագնոստիկ գնահատումը» ազգային գնահատումների, ազգային ուսումնական պլանի մշակման և հավատարմագրման համակարգերի ստեղծումն է, ինչը նշանակում է ուսուցման որակի և հանրակրթական գործընթացի հաստատում, գնահատում, պլանավորում և կառավարում:

Փորձագետները, ուսուցիչները և աշակերտները տարբեր կերպ են գնահատում «ազգային գնահատման» համակարգի հնարավոր վերադարձը։ Որոշների կարծիքով «ազգային գնահատում»-ը կբարձրացնի աշակերտների առաջադիմությունը, որոշ փորձագետներ էլ կարծում են` սա ևս մեկ «ձախողված» փոփոխության փորձ կարող է լինել։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վրացի ուսուցիչ, 2019 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի մրցույթի հաղթող Գիորգի Ճաուճիձեն նշում է, որ Վրաստանի կրթական համակարգն այնքան խորը ճգնաժամի մեջ է, որ դա թաքցնելն անհնար է նմանատիպ փոփոխություններ մտցնելու միջոցով։

«Այն բարեփոխումը, որը կրթության նախարարությունը ցանկանում է վերադարձնել դպրոցներ՝ («ազգային գնահատման» մասին է խոսքը-հեղ.), չի կարող հիմնովին փոխել մեր կրթության համակարգը. կլինեն մակերեսային փոփոխություններ, որոնցում հավանաբար, բյուջետային միջոցները կծախսվեն անարդյունավետ», — ընդգծում է Ճաուճիձեն։

Որոշ ուսուցիչների կարծիքով, համակարգի վերադարձը գուցեև լավ անդրադառնա աշակերտների առաջադիմության վրա։

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է, որ ազգային գնահատման համակարգը կարող է մեծ դեր խաղալ աշակերտի կրթության որակի բարելավման համար՝

«Ես կարծում եմ, որ եթե դիագնոստիկ գնահատումը նորից ներդրվի դպրոցներում՝ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Մոտ 6-7 տարի առաջ, երբ դպրոցներում կար քննություններ, անկնհայտ էր, որ աշակերտները ավելի զգոն էին և պատրաստված, իսկ հիմա՝ ցավոք սրտի այդ պատասխանատվությոան զգացում շատ է պակասում աշակերտների մեջ», — ընդգծում է Ամիրյանը:

Այս մասին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փաստում է նաև Դամիայի հանրակրթական դպրոցի 2016 թվականի շրջանավարտ Դավիթ Դարբինյանը: Ըստ նրա՝ քննությունները, ազգային գնահատումը նպաստում են աշակերտի ձգտման բարձրացմանը․

«Եթե 12 տարիների ընթացքում աշակերտը կարողանում է յուրացնել դպրոցում տված կրթությունը՝ դժվարություններ պետք է չլինեն: Իմ կարծիքով եթե նորից ներդնեն տվյալ համակարգը՝ աշակերտները ձգտում կունենան սովորելու և ոչ թե հակառակը»:

Ինչպես բացատրում են մասնագետները, դիագնոստիկ գնահատումը չի ազդի վերջնական (զգալի) գնահատականի վրա և կունենա միայն ձևավորող գնահատման գործառույթ, որը կօգնի վերլուծել ուսանողների կրթական կարիքները և պլանավորել համապատասխան գործողություններ՝ աջակցելու նրանց առաջընթացին: