Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով գրություններ են արվել մայրաքաղաք Թբիլիսիի ու Քութայիսիի ճանապարհների, կանգառների և տարբեր նշանակության օբյեկտների վրա:
Հատկանշական է, որ Քութայիսիի փողոցներում «Ազատություն Միշային» գրառումներն այս պահին հեռացվում են՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:
Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, իսկ արդեն ուշ երեկոյան հայտնեցին նրա ձերբակալման մասին։ Սաակաշվիլին հայտարարել է հացադուլ ու հրաժարվել բժշկական օգնությունից։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է: