Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազատության հրապարակում կայացած Անկախության օրվա արարողության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ «կառավարությունը չի մտածում սեփական քաղաքացիների պատվի ու արժանապատվության մասին»։
Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ այն ժամանակ, երբ վրաց հասարակությունը աշխարհին ցույց տվեց իր միասնությունը, սկզբունքայնությունը, Ուկրաինայի հետ համերաշխությունը, կառավարությունը պետք է կատարի տված խոստումը.
«Մեզ մոտ տոն է և գեղեցիկ տեսարան, կուզենայի, որ մեր հասարակությունն այսօր վստահ լիներ, որ նրանք, ովքեր պատասխանատու են մեր երկրի համար, իսկապես պաշտպանեն իրենց քաղաքացիներին, հզորացնեն երկիրը, կառուցեն ազատ, ժողովրդավարական երկիր։
Մեր ժողովրդի համար անհասկանալի և վիրավորական է, երբ կառավարությունը չի մտածում սեփական քաղաքացիների պատվի ու արժանապատվության մասին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին և պարզաբանել, որ կառավարությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջազգային գործընկերների հետ խելամիտ քաղաքականություն մշակելու, պատմական պահն օգտագործելու և ԵՄ անդամության կարգավիճակ ստանալու համար։