«Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի» (EECMD) ղեկավար Լևան Ցուցքիրիձեն իր համախոհների հետ հիմնել է «Ազատության հրապարակ» («Թավիսուփլեբիս մոեդանի») քաղաքական նոր շարժումը։
Շարժման շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Թբիլիսիում՝ Խաղաղության կամրջի մոտ։ Ցուցքիրիձեի խոսքով, իրենց հիմնական խնդիրը Վրաստանում ժողովրդավարության պաշտպանությունն է։
«Մենք մեր պարտքն ենք համարում համախմբել խիզախ, իրավասու և հայրենասեր քաղաքացիներին՝ փրկելու նպատակով ժողովրդավարությունը և երկրի ապագան: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է քաղաքացիական և քաղաքական խմբերին համախմբել իրատեսական և հավակնոտ ծրագրի շուրջ»,- ասել է Ցուցքիրիձեն:
Ըստ նրա՝ իրենք սատարում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիա» նախաձեռնությանը, քաղաքական գործունեություն են սկսում ոչ թե քաղաքական տարածքը պառակտելու, այլ համախմբելու համար, և այդ օրվա հանդիպումը դրա սկիզբն է:
Ցուցքիրիձեն դիմել է Վրաստանի քաղաքացիներին` ասելով, որ իրենց դուռը բաց է համախոհների համար։ Նա կոչ է արել միանալ իրենց քաղաքական շարժմանը։