Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս կազմող «Ազատության հրապարակ» շարժումը պնդում է՝ ընտրությունները կեղծվել են, և իրենք դիմադրության շարժում են սկսում։
Շարժման անդամ Սիմոն Ջանաշիան ասել է՝ դիմադրության շարժումը կլինի համընդհանուր, խաղաղ, ժողովրդավարական և օրինական:
«Այս շարժման վայրը կլինի ամենուր: Մենք գործելու ենք փողոցներում, դահլիճներում, այգիներում և ոչ միայն Թբիլիսիում, նաև բոլոր շրջաններում: Մենք կփորձենք հետաքննել ընտրակեղծիքները, կբացահայտենք կեղծարարության մասնակիցներին, կանցկացնենք նոր որակի ակցիաներ, որոնք մարդկանց ցույց կտան, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում, և ինչու է կարևոր նրանց արձագանքը դրան», — ասել է Ջանաշիան։
Շարժման առաջնորդ Լևան Ցուցքիրիձեն նշել է՝ իրենք մինչև վերջ կպաշտպանեն յուրաքանչյուր ձայն։ Ըստ նրա՝ իրենք կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հայտարարած ընտրությունների արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը:
Շարժումը տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 1-ին, հանդիպելու են Թբիլիսիի «Մզիուրի» պուրակում՝ քննարկելու նպատակով ապագա ծրագրերը, և հրավիրում են նաև քաղաքացիներին: