Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գրասենյակում ընտրական հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ կուսակցության նախագահի ընտրությունների հետ կապված վերջին տեխնիկական մանրամասների շուրջ համաձայնության են եկել։
Ընտրությունների հետ կապված ՄԱՇ-ի ֆեյսբուքյան էջում կբացվի գրանցման հատուկ հղում, որտեղ կգրանցվեն ընտրություններին մասնակցել ցանկացող անձինք։ Գրանցումը կշարունակվի մինչև հունվարի 26-ի ժամը 10:00-ն, իսկ քվեարկությունը կսկսվի հունվարի 28-ին:
ՄԱՇ-ում նշում են, որ ստեղծվել է հատուկ խումբ, որն այսօրվանից վերահսկելու է նրանց, ովքեր գրանցվելու են: Ըստ նրանց,ստուգվելու է՝ արդյո՞ք կեղծ օգտահաշիվ ունեն, արդյո՞ք այլ կուսակցության համակիրներ են և այլն։ Դրանից հետո ընտրողներին կտրվի ստուգման ծածկագիր, որով նրանք կկարողանան մասնակցել ընտրություններին։
ՄԱՇ-ի փոխանցմամբ՝ և՛ քվեարկությունը, և՛ գրանցումը գաղտնի է լինելու։
Ի դեպ, ՄԱՇ-ի նախագահի ընտրություններին մասնակցում են Նիկա Մելիան, Լևան Խաբեիշվիլին, Գիորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին։