Այսօր՝ մարտի 29-ին Վրաստանի խորհրդարանում կայացավ հերթական լիագումար նիստը, որի ժամանակ խորհրդարանականները քննարկեցին մի շարք հարցեր։
Ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն իր ելույթի ժամանակ մեղադրեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ նշելով, որ Վրաստանի Եվրաինտեգրաման գլխավոր խոչընդոտողն իշխող կուսակցությունն է։
«Լելո» կուսակցության պատգամավոր Անա Նացիշվիլին իր ելույթում ասաց, որ «Վրացական երազանքը» զայրացած է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ճիշտ քայլերից, ուստի ցանկանում է նախագահի իմպիչմենտի հարցը բարձրացնել, սակայն դրա համար նրանց ուժերը չեն հերիքում։ Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Փոփոխություններ են կատարվում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի դրույթներում, որոնք վերաբերում են պետական մարմինների իրավասությունների շուրջ վեճերին։ Գործող օրենքով պետական մարմինը կարող է այլ մարմնի դեմ վեճ հարուցել իր կողմից ընդունված նորմատիվ ակտի հիման վրա, ինչը նշանակում է, որ իրավասության վեճի շրջանակներում կարող է բողոքարկվել միայն նորմատիվ իրավական ակտը։
Լիագումար նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմին, «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին հայտարարել է, որ ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը Ուկրաինայի կառավարությունում օգտվում է արտոնություններից և հավատացնում նրանց, որ Վրաստանում երկրորդ ճակատ բացելով կարելի է ընթացող պատերազմը տեղափոխել Վրաստան։
«Երբ Վրաստանն ամեն ինչ անում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին կանգնելու համար՝ անելով շատ ավելին, քան հետխորհրդային երկրների ճնշող մեծամասնությունը, ինչո՞ւ են միայն Վրաստանի դեմ հայտարարություններ արվում։ Նրանց նպատակը Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելն է» — ասել է պատգամավորը։
«Ժամանակն է» կուսակցության հիմնադիր Էլենե Խոշտարիան ևս խոսել է ընթացող պատերազմի մասին և նշել, որ Վրաստանի համար առաջնահերթություն պիտի լինի Ցխինվալիի և Աբխազիայի իր քաղաքացիներին թույլ չտալ ներգրավվել չարագործությունների մեջ։
«Վերջերս ահազանգեր ենք ստանում օկուպացված տարածքներից, որ Ռուսաստանը զորք է տեղափոխում Ուկրաինայի դեմ կռվելու համար, կան նաև փաստող կադրեր, հնարավոր է նաև մեր քաղաքացիները ներքաշվեն այդ գործողություններում, ինչը չի կարելի թույլ տալ» ընգծել է Խոշտարիան։
Նիստի ժամանակ քննարկվել է նաև Վրաստանի չեզոքության (նեյտրալիտետի) հարցը, «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության պատգամավոր Պաատա Մանջգալիձեն հույս է հայտնել որ Վրաստանի խորհրդարանում երբեք չի դրվի չեզոքության հարցը։
«Երբ «Պուտինի հակամարդկային ռեժիմը» փորձում է ոչնչացնել ազատատենչ ուկրաինացի ժողովրդին, Վրաստանն իսկապես չեզոք մնալու ժամանակ չունի» — ասել է պատգամավորը։
Խորհրդարանական տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին ասել է, որ վառելիքի թանկացումը ևս պայմանավորված է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմով։ Նրա խոսքով՝ քանի որ Վրաստանը նավթ ներկրող երկիր է, համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններն ազդում են նաև Վրաստանի վրա։