Այսօր՝ ապրիլի 14-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվեց Ուկրաինա մեկնող պատվիրակության կազմը։ Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն Ուկրաինա մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալ ընդդիմության և մեծամասնության միջև խորհրդակցությունների անարդյունք ավարտից հետո ասել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերից մեկական ներկայացուցիչ ընդգրկել կազմում։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն հայտարարեց, որ իրենք չեն մեկնի Ուկրաինա Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ։
«Շատ լավ է, որ «Ազգային շարժման» ներկայացուցիչն այս այցին չի լինի, «Պատերազմի կուսակցության» միակ նպատակը մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելն է» — ասել է Մդինարաձեն։
«Լելո» կուսակցության անդամ Անա Նացվլիշվիլին նշել է, որ նա կգնա Ուկրաինա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ, քանի որ, երբ պատերազմող պետությունը օգնություն է խնդրում և հրավիրում իր երկիր, չի կարելի մտածել գնալ, թե ոչ։
Ընդմիջման ժամանակ պատգամավորներ Միխեիլ Կավելաշվիլին և Խատիա Դեկանոիձեն վիճել են:
«Վրացական երազանքի» անդամ Կավելաշվիլին հարցրել է, թե ինչու «Միացյալ ազգային շարժումը» խորհրդարանական պատվիրակության հետ չի մեկնում Ուկրաինա։ Կավելաշվիլին նաև հիշեցրել է Դեկանոիձեին, որ նա ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրել է Վրաստանի կառավարությանը` ի շահ Ռուսաստանի գործելու մեջ:
Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում այն հարցին ի պատասխան, թե արդյոք Եվրամիության տրամադրած հարցաշարը կհրապարակվի, Կոբախիձեն պատասխանել է․ «Ով խարխլում է մեր պետության հիմքը, չպետք է ներգրավվի ԵՄ հարցաշարը լրացնելու մեջ»։
Հիշեցնենք նաև, որ Վրաստանի խորհրդարանը 83 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։