
Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիան ավարտվեց ուշ գիշերին: Այսօր «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու երեկ ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին:
Նշենք նաև, որ ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի խոսքով, այսօր ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց ակցիան կվերսկսվի: Իսկ մինչ այդ, ակցիայի մասնակիցները ընդդիմադիր առաջնորդների հետ կհայտնեն գործողությունների ծրագրի մասին:
«Կուսակցությունների հետ խորհրդատվություններ կանցկացնենք, որոշում կկայացնենք։ Անկեղծ ասած, դեռ հետագա գործողությունների ծրագիր չունենք»,- հայտարարել է Դիղմելաշվիլին:
Նշենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց 10 վրան է բացված: Ռուսթավելիի պողոտան բաց է:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։