Խորհրդարանի դիմաց այսօր ժամը 18:00-ին կրկին կանցկացվի լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցը:
Ցուցարարները երեկ վերջնագիր էին ներկայացրել մինչև այսօր՝ ժամը 12:00-ը, որպեսզի հրաժարական տար վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այսօր Ղարիբաշվիլին կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ երեկվա հանրահավաքին և նշեց, որ կազմակերպված ակցիան հակապետական էր:
Ղարիբաշվիլին, ավանդույթի համաձայն, հուլիսի 5-6-ին տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրեց նախկին իշխանություններին և «ռադիկալ ընդդիմությանը»: Նրա խոսքով` սա Սաակաշվիլիի կողմից կազմակերպված դավադրության ծրագիր էր, որը չիրականացավ:
Հիշեցնենք, որ երեկ մի քանի ժամ շարունակ խորհրդարանի շենքի դիմաց ընթանում էր լրատվական կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ցույցը: Ակցիայի մասնակիցների խոսքով, բողոքի ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը և ներքին գործերի նախարարը քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան համար:
Ինչպես հայտնի է, Լեքսո Լաշկարավան այն լրագրողներից է, ում ֆիզիկական բռնության են ենթարկել հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ: Նա մի քանի օր բուժվում էր «Նյու Հոսպիտալում», սակայն հուլիսի 11-ին նրան մահացած են գտել իր բնակարանում: