180 տարի առաջ, այս օրը՝ մարտի 3-ին Թբիլիսիի հինավուրց տներից մեկում ծնվել է հայտնի թբիլիսահայ բարերար, նավթային մագնատ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ալեքսանդր Մանթաշեւը (Մանթաշյանցը)՝ իր կարգավիճակով ազնվականներին հավասար առեւտրականի ընտանիքում: Սովորելով հայտնի մտավորական եւ հայրենասեր Գալուստ Փափազյանի մասնավոր հնգամյա դպրոցում, Ալեքսանդրն ընդունվում է առեւտրային ուսումնարան, որն ավարտելուց հետո ազատ տիրապետում է հայերենին, ռուսերենին եւ վրացերենին:
Հայրը, ով Թավրիզում զբաղվում էր բամբակի եւ տեքստիլի առեւտրով, ցանկանալով Ալեքսանդրին ներգրավել ընտանեկան բիզնեսում, միակ որդուն տանում է իր մոտ` Պարսկաստան (Ալեքսանդրը նաեւ ուներ կրտսեր քույր, ամուսնությամբ՝ Մարիմանյան): Հայր եւ որդուն հովանավորում է Խոսրով խան Գայթմազյանը՝ Ալեքսանդրի մոր քեռին (կամ մորեղբայրը), ով Պարսկաստանում հեղինակություն էր վայելում: 1868 թվականին, իր գործում մասնագիտացած որդուն, Հովհաննես Մանթաշեւը նախ ուղարկում է Լայպցիգ, այնուհետեւ Լոնդոն եւ Մանչեսթեր՝ մանուֆակտուրայի արտադրման եվրոպական խոշորագույն կենտրոն: Այնտեղից Ալեքսանդրն իրականացնում է ապրանքների անմիջական առաքում Թավրիզ: Գտնվելով Անգլիայում՝ Մանթաշեւ կրտսերը տիրապետում է ոչ միայն տեքստիլի արտադրության գաղտնիքներին, այլեւ մասնակցություն է ունենում եվրոպական առեւտրային մշակույթին: Պրպտուն ուղեղ ունենալով նա սովորում է անգլեր, ֆրանսեր եւ գերմաներ լեզուները:
Հարկ է նշել նաեւ Անգլիայում հայկական համայնքի մասին: 1862 թվականին այն կազմված է եղել 30 վաճառականներից եւ նրանց ընտանիքի անդամներից, որոնք ապրել են Մանչեսթերում եւ Լիվերպուլում: Հասնելով բարձր կարգավիճակի անգլիական հասարակության մեջ՝ հայերը հոգացել են նաեւ իրենց ազգային ինքնակազմակերպման խնդիրները: 1886 թվականին ընդհանուր ժողովի ժամանակ համայնքի անդամները կազմում են հոգաբարձուների խորհուրդ, իսկ ներքին կանոնադրությունը հաստատում մի քանի տարի անց: Հենց այդ ժամանակ էլ զբաղվում են դրամահավաքով՝ Մանչեսթերում հայկական եկեղեցի կառուցելու նպատակով: Կանոնադրությունը հաստատող 14 վաճառականների թվում է լինում նաեւ 27 ամյա Ալեքսանդր Մանթաշեւը (Մանչեսթերի ծանոթները անգլերենով գրում եւ արտասանում էին նրա ազգանունը որպես Մենթեշով)՝ ապագա «նավթային թագավորը», ինչպես նրան անվանում են հետագայում:
1872 թվականին Թավրիզ վերադառնալուն պես Ալեքսանդրն ու հայրը՝ վաճառելով ունեցվածքը, վերադառնում են հայրենի Թիֆլիս: Շուտով Էրիվանի հրապարակում (ներկայում Թբիլիսիի Ազատության հրապարակը), «Կովկաս» հյուրանոցի առաջին հարկում, Մանթաշեւները բացում են գործվածքների իրենց առաջին խանութը, այնուհետեւ երկրորդը՝ ընդլայնելով մանրագործվածքների վաճառքը: 1886 թվականին Ալեքսանդրը կորցնում է մորը: Մեկ տարի անց՝ չդիմանալով այս ցավին, մահանում է նաեւ նրա հայրը: Ժառանգելով 200 հազար ռուբլի արժեքով կապիտալ, Ալեքսանդր Մանթաշեւը ձեռք է բերում Թիֆլիսի Կենտրոնական առեւտրային բանկի բաժնետոմսերի մեծ մասը, որի արժեթղթերը բարձր են գնահատվում Սանկտ Պետերբուրգի բիրժայում:
Անցում ենք կատարում «Բաքվի դրախտի» ծաղկման ժամանակաշրջանին, որում փայլում էր Մանթաշեւը: Նրա հարստացման մեկնարկը տրվել է 1899 թվականի հունիսի 11-ից: Հենց այդ ժամանակ նրանք՝ թիֆլիսեցի, առաջին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Մանթաշեւը եւ բաքվեցի, առաջին գիլդիայի վաճառական Միքայել Արամյանցը հիմնադրում են նավթարդյունաբերական եւ առեւտրային բաժնետիրական «Ա. Ի. Մանթաշեւ եւ Կո» ընկերությունը: Մանթաշեւի բաժնեմասը կազմում է 75%, Արամյանցինը՝ 25%, ընդորում՝կանոնադրության մեջ ասվում է, որ վերջինը չի միջամտում բիզնեսին եւ չի հավակնում արտասահմանյան գործարքներից ստացվող եկամտին: Արամյանցը` ում կյանքի ու գործունեության մանրամասներին անդրադարձել ենք նախկինում, ապրում է բավականին անհոգ կյանքով, իսկ ավելի ուշ, 10 միլիոն ռուբլիով վաճառելով Բաքվի իր շքեղ առանձնատունը եւ տեղափոխվելով Թիֆլիս՝ ամբողջովին նվիրվում է բարեգործությանը:
Տարիներ անց նա հողին է հանձնում իր ավագ գործընկերոջը, իսկ ինքը՝ 1922 թվականին բոլշեւիկյան Վրաստանի մայրաքաղաքում հանգչում է աղքատության մեջ: Ինչ վերաբերում է «Ա. Ի Մանթաշեւ եւ Կո» ընկերությանը, ապա 1904 թվականին այն նավթի արդյունահանմամբ զիջում է միայն «Նոբել եղբայրներ» ընկերությանը (Մանթաշեւը այնտեղ էլ ուներ մասնաբաժին) եւ «Կովկաս-Սեւծովյան հասարակությանը», որը գլխավորում են Ռոտշիլդները: Մանթաշեւն առաջինն է հասկանում հայտնի քիմիկոս Դմիտրի Մենդելեեւի գաղափարը եւ արդեն 1907 թվականին կառուցում է աշխարհում նախադեպը չունեցող` 835 կմ երկարությամբ Բաքու-Բաթումի նավթամուղը: Այդ ժամանակ Ալեքսանդր Մանթաշեւին է պատկանում 173 ակր նավթաբեր տարածքներ Բալկաններում, Սաբունչներում, Ռոմաններում, Բիբի Էյբեթում եւ Ապշերոնյան թերակղզու այլ վայրերում: Նրան է պատկանում նաեւ «Սեւ քաղաքի» կերոսինի գործարանը` նավթի եւ մազութի պահեստով:
Բաթումիում Մանթաշեւն ուներ գործարան, որտեղ պատրաստվում էր տակառների համար նախատեսված մետաղե եւ փայտե տարաներ, կերոսինի եւ քսայուղերի պահեստներ` նավթի պոմպավորման համար: Օդեսայի մոտակայքում ամբողջ ուժով աշխատում էր նավթի բեռնման կայանը, որտեղից Ռուսաստանի հարավ-արեւմտյան երկաթուղային ճանապարհներով շրջանառվում էր նրա 100 վագոն-ցիստեռնը: Մանթաշեւի ներկայացուցչությունները, պահեստներն անխափան աշխատում էին Սմիրնայում, Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, Ալեքսանդրիայում, Կահիրեում, Պորտ Սաիդում, Դամասկոսում, Մարսելում, Լոնդոնում, Բոմբեյում եւ Շանհայում: Նրա ձեռքերում էր կենտրոնացված նավթի ընդհանուր պաշարի կեսից ավելին եւ Կասպից ծովի նավթի մնացորդների երեք չորրորդ մասը: 1899 թվականից, այսինքն հիմնադրման օրվանից մինչեւ 1909 թվականը Մանթաշեւի ընկերությունը հիմնական կապիտալի ծավալով` 22 մլն ռուբլիով, երբ մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է առնվազն 250 ռուբլի, զարգանում էր ռուսական արդյունաբերության մեջ: Ռուսական առաջին հեղափոխության տարիներին Մանթաշեւի նավթային ձեռնարկությունների վրա հեղափոխական հռետորությամբ վարժվել են Լեվ Տրոցկին եւ Ստեփան Շահումյանը: Նրանցից հետ չի մնացել նաեւ Իոսիֆ Ջուղաշվիլի-Ստալինը, ով աշխատողներին գործադուլի եւ սաբոտաժի է հրահրել: