Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի՝ նույն ինքը սիրված դերասան Ֆրունզիկի ծննդյան օրն է: Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն ծնվել է Գյումրիում, 1930 թվականին:
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։
Բացի հայաստանյան ֆիլմերից, նա խաղացել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց»: Այս ֆիլմերի շնորհիվ էլ նա միջազգային ճանաչում է ձեռք բերել և գնահատվել պետական բարձր պարգևներով:
Վրաց հայտնի երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն ցանկացած առիթով մեծ սիրով հիշում ու պատմում էր Մհեր Մկրտչյանի մասին: Կիկաբիձեի հետ Մկրտչյանը խաղացել է «Միմինո» ֆիլմում: Նրա մասին մի անգամ Կիկաբիձեն ասել է. «Ուրախ եմ, որ այդքան սիրում եք Ֆրունզիկին, նրան ամենուր են սիրում: Նա ծնվել էր հենց սիրված լինելու համար»։