Այսօր՝ ապրիլի 4-ին, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվելու է նոր 5 անդամների՝ Գիորգի Չակվետաձեի, Թենգիզ Շարմանաշվիլիի, Մերաբ Քվարաիայի, Սալոմե Քուրասբեդիանիի և Իրակլի Կիրցխալիայի լիազորությունների հարցը։
Չակվետաձեն վերջին երկու գումարումների Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ էր, Քվարաիան Զուգդիդիի մեծամասնական պատգամավորն էր նախորդ գումարման խորհրդարանում, Քուրասբեդիանին աշխատում է Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեում, Շարմանաշվիլին սահմանադրագետ է, իսկ Կիրցխալիան՝ գործարար։
Ի դեպ, նրանք կփոխարինեն խորհրդարանը լքած «Վրացական երազանքի» պատգամավորներին: Մասնավորապես, «Վրացական երազանք» խմբակցությունից խորհրդարանում պակասել է 5 պատգամավոր։ Նրանցից մեկը Գիորգի Ամիլախվարին է, որը նշանակվել է կրթության նախարար։
Մյուս 4-ն են՝ Իրակլի Կովզանաձեն, Գիորգի Խելաշվիլին, Նինո Իոբաշվիլին և Վլադիմեր Չաչիբաիան: Հիշեցնենք. այս պատգամավորները չեն պաշտպանել «ռուսական» օրինագիծը:
Հատկանշական է, որ Չաչիբաիան և Իոբաշվիլին նշանակվել են վարչապետի խորհրդականներ, իսկ Խելաշվիլին կշարունակի աշխատել որպես խորհրդարանի նախագահի խորհրդական։