Այս տարի տարբերվող է լինելու. Ինչպե՞ս են Ջավախքում նշելու Նոր Տարին

2021 թվականի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում այս տարի, տոնական օրերը ակնկալվում է, որ կանցնեն ավելի համեստ, նախկիններից տարբերվող:

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի պատճառով տարեմուտը նույնպես խորհուրդ չի տրվում նշել մեծ հավաքներով և ավանդույթների համաձայն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան օրեր առաջ բնակչությանը կոչ արեց, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, տոնական օրերին խուսափել մեծ հավաքներից: Նրա խոսքով՝ երկրում առաջիկա տնտեսական վերականգնման համար մեծ կարևորություն կունենա նաև այն, թե ինչպես կանցնեն տոնական օրերը:

«Պետք է հասկանանք, որ այս տարին առանձնահատուկ տարի է և մարտահրավերներով լի»,- հայտարարել է Գախարիան:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նույնպես բնակչությանը կոչ էր արել այս տարվա ամանորյա տոնակատարություններին այլ կերպ վերաբերվել, նպատակը մեկն է՝ 2-3 օրում ջուրը չլցնել սահմանափակումների արդյունքում ձեռք բերված հաջողությունները:

Նոյեմբերի վերջերից Վրաստանում աննախադեպ մեծ քանակությամբ վարակման դեպքեր գրանցվեցին՝ օրական դեպքերի քանակը մի քանի օր շարունակ գերազանում էր 5 հազարը, ինչի պատճառով կառավարությունը որոշում կայացրեց սահմանել լրացուցիչ սահմանափակումներ: Դեկտեմբերի 28-ի դրությամբ, Վրաստանում համաճարակով պայմանավորված իրավիճակը կայունացել է (օրական դեպքերի քանակը տատանվում է 1000-2000-ի մեջ), սակայն հետագա ընթացքը, ըստ մասնագետների՝ կախված կլինի նրանից, թե ինչպես կվարվեն բնակիչները առաջիկա տոների ընթացքում: 

Նոր Տարին այլ կերպ նշելու վարակաբանների և իշխանության ներկայացուցիչների գաղափարը կիսում են նաև Ջավախքում, որտեղ բնակիչները բացի կորոնավիրուսից, ունեն մեկ այլ պատճառ ևս՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

«Առաջին հերթին տոները նշելուն խանգարում է կորոնավիրուսը, իսկ երկրորդը մեր երեխաներն են, որոնք զոհվեցին պատերազմում: Նրանց հիշատակը հարգելով կարծում եմ չի կարելի ամեն տարվա պես նշել», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Նինոծմինդայի բնակչուհիներից մեկը:

Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչների մի մասը դեկտեմբերի սկզբից դեմ էր արտահայտվում քաղաքների կենտրոնում տոնածառ տեղադրելուն, սակայն տեղական իշխանությունների որոշմամբ երկու քաղաքում էլ տեղադրվել են տոնածառներ, թեև քաղաքների զարդարանքները ավելի համեստ են և նախորդ տարիներից շատ տարբերվող: Երկու մունիցիպալիտետներում էլ Ամանորյա զարդարանքերի և տոնածառների համար հատկացվել է 5 հազար լարիից պակաս գումար:

Նինոծմինդայի գլխավոր տոնածառը                                     Ախալքալաքի գլխավոր տոնածառը

Այս տարի համեմատաբար ավելի քիչ են նաև քաղաքներում վաճառվող հրավառության պարագաները, շատ հազվադեպ են լսվում պայթուցիկի ձայներ: Նախորդ տարիներին Ջավախքի գրեթե բոլոր գյուղերում դրվում էին տոնածառներ, մարդիկ լույսերով զարդարում էին իրենց տները, իսկ այս տարի սա նույնպես չկա: 

Սաթխա գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա Նոր Տարին տարբերվող է լինելու նախորդներից:

«Այս տարի չենք նշելու այնպես, ինչպես նախորդ տարիներին՝ մեր ազգի ողբերգությունից ելնելով: Մեր տանը ընտանիքով ենք նշելու, շատ տներ էլ չենք այցելելու: Սկսել ենք պատրաստվել, բայց շատ համեստ կերպով ենք առևտուր անում, եթե անցած տարի 10 կգ էինք գնում, այս տարի առնում ենք 5 կգ»,- ասում է նա:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ լրիվ համաձայն է Նոր Տարին այլ կերպ նշելու մտքի հետ:

«Ես շատ ուրախ կլինեմ, որ այդ տներ գնալու ավանդույթը հանվի մեր միջից, իսկ դրա համար այս կորոնավիրուսը շատ լավ առիթ է», — ասում է Նինոծմինդայի բնակիչը:

Արթուր Մղդեսյանի կարծիքով՝  այս օրերին ինչքան քիչ հավաքներ լինեն, այնքան քիչ վտանգ կլինի կորոնավիրուսի տարածման հետ կապված:

«Եթե այժմ բավական կայունացել է վիճակը, Նոր Տարվա ընթացքում հավաքներն ու գրկախառնությունները կարող են նորից մեծացնել ռիսկերը: Պետք չէ գնալ այն տները հյուր, որտեղ հիվանդներ կան: Եկեք այս տարի մի քիչ զուսպ մնանք, որպեսզի և՛ մեզ, և՛ մեր պետության համար լավ լինի», — ասում է Մղդեսյանը:


Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։