Այսօր՝ օգոստոսի 8-ի, ժամը 20:00-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել: Այս մասին հայտնում է Jnews լրատվականը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ, կամ նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ավելի լայնամասշտաբ տեսք են ստացել:
Երիտասարդների մի խումբը Ախալքալաքում վառել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:
Այս պահին Ախալքալաքում աշխատում են հատուկ ստորաբաժանումները, և մի շարք մունիցիպալիտետներից ժամանած հրշեջ փրկարարները: Ըստ տեղեկատվության՝ Ախալքալաք է ժամանել նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ փաստի առթիվ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:
Լուսանկարը՝ jnews.ge