Օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։
Այս հայտարարությունն արել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳՆ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն՝ խոսելով «Վարչական իրավախախտումների և ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխությունների մասին։
Դարախվելիձեն նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումը չի կարող ապահովել տեսատուգանքների արդյունավետ կիրարկումն այն դեպքում, երբ օտարերկրյա պետհամարանիշով տրանսպորտային միջոցը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։ Ըստ այդմ՝ ՆԳՆ-ն օրենսդիր մարմնին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել։
Դարախվելիձեի պարզաբանմամբ՝ գործող օրենսդրության համաձայն, օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով օրենքը խախտելու դեպքում Վրաստանում մշտական չբնակվող օտարերկրյա քաղաքացուն փոստով երկու անգամ ուղարկվում է տուգանքի մասին տեղեկություն, ինչը, ըստ ՆԳՆ փոխնախարարի՝ անպտուղ ջանք է:
«Այն բանից հետո, երբ արտասահմանյան համարանիշով տրանսպորտային միջոցը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, և ցուցադրվի տեսատուգանքը, մենք ուղղակիորեն կհրապարակենք այդ տուգանքները պաշտոնական կայքում, և անձին կտրվի 30 օր ժամկետ՝ նշված տուգանքը վճարելու համար։ Խոսքն անձին կանգնեցնելու ու պարեկային ոստիկանության կողմից տուգանելու մասին չէ, տեսատուգանքների մասին է.
Եթե նշված ժամկետում նա չվճարի տուգանքը, կկիրառվեն համապատասխան այլ պատժամիջոցներ, և ի վերջո` եթե անձը չվճարի այդ տուգանքը, նա այլևս իրավունք չի ունենա մուտք գործել Վրաստան, քանի դեռ չի վճարել տուգանքը»,- պարզաբանել է Դարախվելիձեն։
Ինչ վերաբերում է պարեկային ոստիկանության կողմից տրվող տուգանքներին, ապա, ըստ փոխնախարարի՝ տուգանքի հետհաշվարկը կսկսվի այն պահից, երբ ոստիկանը տուգանքի վայրում համապատասխան փաստաթուղթ կհանձնի խախտողին։