«Երբևե մտածել եք, թե ինչքան շատ է մեկ օրը, ինչքան լիքն է մեկ օրը, ինչքան բան կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում: Մեկ օրվա ընթացքում արևն այդպպես էլ կարող է դուրս չգալ, քսանչորս ժամը հավերժություն կարող է թվալ, երեխան կարող է մեծանալ` մեկ օրվա ընթացքում:
Փոքր քրոջս՝ Սուսոյի հետ ամեն օրվա նման չարաճճիություններ էինք անում, խաղում, վազվզում: Ինքն ինձանից տարի վեց ամիս փոքր էր, բայց դա երբեք իրեն չէր խանգարում, որ ինձ հետ մրցի ինչպես հավասարը հավասարի հետ: Վազի մրցույթ էինք կպել՝ փորձում էինք վազել ու անցնել օրվա վրայով, կարծես ինչ–որ բան կանխազգալով: Սուսոն փորձում էր ինձ շրջանցել, հաղթած դուրս գալ, բայց մի քանի վայրկյան անց նկատեցի, որ մեն-մենակ եմ վազում, վազքընկերս էլ չկա: Ընկել էր Սուսոն ու ոտքը վնասել, փոքր վերք էր, բայց շատ ցավ տվեց քրոջս ու մեր ընտանիքին:
Այդ օրվանից հետո շաբաթվա յոթ օրերը հերթով բարի չէին, ժամերն անվերջություն էին թվում, արևն էլ գոնե մեզ համար չէր ծագել, չկար…
Քույրս, որ շատ կայտառ, ժիր ու շարժուն երեխա էր, օր օրի փոխվեց, իսկ վեցերորդ օրը ընդհանրապես անկողնուց չկարողացավ բարձրանալ, մկաններն ու նյարդերը չէին ենթարկվում, անգամ բերանը չկարողացավ բացել, որ մայրս կերակրի: Այդ օրը մորս ձեռքից ապուրով լի գդալը սարսափով ու զրնգոցով ընկավ գետնին: Գյուղի բուժքույրը, որ մինչ այդ էլ էր եկել, այդ օրը զարմանքից քար կտրեց ու հորդորեց՝ շտապ տարեք բժշկի: Հայրս երկար-բարակ չմտածեց, քեռուս կանչեց, քեռիս սպիտակ ջորիով ու քրոջս այդպես ուղիղ մեքենայի մեջ պառկացրած տարան հիվանդանոց: Այդ օրվանից հետո մենք գիշեր ու ցերեկ չունեինք, քուն ու դադար չունեինք, խեր ու խաբար էլ չունեինք: Միայն գիտեինք, որ վիճակն այնքան վատ էր, որ Թիֆլիսից շտապ օգնության մեքենան իսկապես շատ շտապ եկել ու տարել էր քրոջս՝ նրա երկու կողմը նստած ու ձեռքերից ամուր բռնած հորս ու մորս:
Փայտացում էին ախտորոշել, ու երկար բարակ չէին սպասել․ ժամանակ չկա, ասել էին բժիշկներն ու տարել էին քրոջս վերակենդանացման բաժանմունք:
Մի քանի օր հետո հայրս եկավ, տեսանք, բայց ուրախ չէր, մենք էլ չուրախացանք: Ինչ ունեինք- չունեինք վաճառեց, անասնակերը, խոտը, կովերը, բարեկամներից էլ գումար խնդրեց քրոջս բուժման համար: Արյան փոխներարկում էր անհրաժեշտ, հայրս պետք է քրոջս համար արյուն գներ՝ կյանք գներ…
Այդ օրը ես աշխարհի ամենաուժեղ տղամարդուն` հորս, անզորությունից գլուխը ձեռքերի մեջ առած աղեկտուր լացելով տեսա, այդ օրը տատս մի անգամ չժպտաց, այդ օրը մենք բոլորս ոչինչ չկերանք ու իրար հետ ոչ մի բառ չփոխանակեցինք: Լուռ, ամեն մեկս մեր ներսում իրականության հետ էինք կռվում: Տատիս քույրը` Տուդոն, որ մեզ հետ էր ապրում, այդ օրը հանեց իր բոլոր անհասկանալի լեզվով գրքերն ու քթի տակ սկսեց ինչ-որ բան կարդալ, աղոթք մտմտալ, մենք էլ՝ փոքրերս, ամեն մեկս մի անկյունում նստած, փորձում էինք ոտքի տակ չընկնել: Եղբայրս էր լացում, քրոջս մոտ էր ուզում, կարոտում էր․ կապված էին շատ: Ես անընդհատ Աստծո, այդ ժամանակ չգիտեի էլ ում հետ, տիեզերական ինչ որ ուժի հետ էի խոսում, համոզում, խնդրում, աղաչում նրան քրոջս հետ բերել….
Տատս իր մեջ ուժ գտավ ու խոսեց՝ պե՛տք է, տունն էլ կծախեմ: Հայրս ասաց, որ ուշ կլինի` գումարը հիմա է պետք, հետո էլ արժեք չի ունենա ինչքան էլ, որ շատ լինի:
Այդ օրը ես մեծացա, տեսա ու զգացի ավելին, քան երեխան կզգար, կտեսներ ու կհասկանար:
Հայրս իր մեջ համարձակություն ու ուժ գտավ, ոտքի կանգնեց, ծնկների կեղտը առանց թափ տալու դուրս եկավ ու մի քանի ժամ անց վերադարձավ անհրաժեշտ գումարը ձեռքին: Տատիս մի քանի կարգադրություններ արեց ու էլի գնաց: Տատս այդ օրը մի քիչ ուրախ էր, թեև չէր ժպտում, բայց հանգիստ էր: Անորոշությունից ու կոկորդիս հավաքված արցունքներից չխեղդվելու համար սկսեցի լաց լինել, քույրս ու եղբայրս էլ ի վերջո միացան ինձ՝ դատարկելով առանց այդ էլ իրենց ներսի դատարկությունն ու խեղդող անորոշությունը: Այդ օրը երեքս էլ այնքան էինք լացել, որ մեր ներսում էլ արցունք չէր մնացել, բայց թախիծը տխրությունը, դատարկությունն ու անորոշ սպասումը չէին նահանջել:
Սպասումն ամնեաանտանելին էր, բայց շուտով հայրս լուր ուղարկեց, որ արյան փոխներարկում են արել, դեռ մի քանի անգամ էլ անելու են: Ասել էր, որ ամեն ինչ լավ կլինի ու հավանաբար չէր դիմացել ու էլի արտասվել էր: Տատս այդ օրը մեզ համոզելով կերակրեց, ասաց, որ հայրս է զանգել ու ասել, որ ամեն ինչ լավ կլինի: Հորս այդ խոսքերը և դրանց անկեղծ հավատալը կյանքի շատ իրավիճակներում են մեզ օգնել:
Երեկոյան մեր հարևաններն ու բարեկամները մեր տանը հավաքվեցին, չէի հասկանում դա լավ էր, թե՞ վատ: Բոլորի դեմքին կսկիծի ու թախիծի նշան կար: Նրանք խնամքով դա թաքցնում էին տատիս աչքից, երբ նա ինչ որ բան ձեռքին մտնում էր հյուրասենյակ: Այդ օրը տատիս քույրը, մեզ երեքիս հավաքեց տարավ սենյակ ու հեքիաթ էր պատմում, իսկ մենք ոչ մի կերպ հեքիաթ լսելու հետ չէինք համակերպվում: Բարուն էլ չէինք հավատում, խավարի մեջ էլ լույս չկար, ոչ մի հատիկ:
Հաջորդ օրը տատս իմացել էր, որ ապրելու հավանականությունը բժիշկները իննը տոկոս են գնահատել, այդ օրը ինսունմեկը իննից ավելի քիչ էր, ինն էլ ինսունմեկից ավելի ուժեղ: Ու մենք չսխալվեցինք…
Երկար չանցած ամեն ինչ փոխվեց, խավարի մեջ էլ սկսեցին լույս փնտրել, օրվա մեջ իրար գրկելու, իրար համար ինչ որ լավ բան անելու ժամանակ գտնել, փոքր քրոջս համար ամենատարբեր նվերներ ու տիկնիկներ պատրաստել ու նրա ճամփին սպասել:
Հայրս արդեն առաջվա նման ծիծաղում էր: Նույնիսկ սկսել էր այդ օրերի ցավից հետաքրքիր դրվագներ քամել: Պատմում էր, որ երբ քույրս առաջին անգամ հիվանդանոցում աչքերը բացել, նոր խոսող երեխայի նման առաջին մամա բառն է ասել, բժիշկները հորս են կանչել: Հորս սիրտը ճմլվել է քրոջս այդքան նիհար ու հյուծված տեսնելով, բայց երկար չանցած գլխի է ընկել, որ քույրս ոչ թե իրեն, այլ մորս է կանչում: Այդ ամսվա մեջ առաջին անգամ ծիծաղել է ու վրացի բժիշկներին ասել, որ մեզ մոտ մամա դեդաին` մորն են ասում, մամաին էլ, այսինքն հորը պապա են ասում:
Այդ օրը բոլոր բարեկամներն ու հարևանները կրկին մեր տանն էին հավաքվել: Այս անգամ դեմքերից խնամքով լվացել էին թախիծը, տխրությունն ու տագնապը: Իսկ մենք մեր հիշողությունից չէինք կարողանում լվանալ վերջին մի ամիսն ու դրանում եղած ամեն մի օրը: Այդ օրերը մեր կյանքը փոխել էին, մեզանից շատ բան էին տարել, բայց քրոջս մեզ էին վերադարձրել: Այդ օրվա արևը ամենալուսավորն էր, մարդիկ` բարի, այդ օրվա հեքիաթը իրական էր` քույրս ողջ ու առողջ տուն էր գալու: Քեռիս ինչպես որ մեքենայով նրան բժշկի էր տարել, այնպես էլ գնացել էր նրան բերելու: Բոլորս խմբված նայում էինք գյուղի միակ ճանապարհին, որը քրոջս ետ էր բերելու: Ես ու մեր հարևանի տղան` Արմենը, որ քրոջս հետ շատ կապված էր ու նրա խաղընկերն էր, չսպասեցինք ու ոտքով ճամփա ելանք` նրանց ընդառաջ: Քեռուս սպիտակ ջորին տեսնելով՝ սկսեցինք վազել, ու ինչպես ես ու Սուսոն էինք վազելիս փորձում միշտ առաջ անցնել, այդպես էլ ես ու Արմենը փորձում էինք առաջինը հասնել մեքենային: Քեռիս մեզ տեսավ, կանգնեց, ու զայրացավ.
-Այ բալա ջան մի քիչ էլ սպասեիք, հասնում ենք էլի:
Մի կերպ խցկվեցինք մեքենան: Մայրս ետևի նստարանին նստած քրոջս գրկել էր ու խնամքով վրան ծածկել: Քույրս մեզ տեսավ, գլուխը բարձրացրեց, ասեցի ինձ հիշում ե՞ս, Սո՜ւս: Ձայն չհանեց, չէր հիշում: Մաման շարունակեց. -Բա իրե՞ն: Քույրս նայեց Արմենին, ժպտաց. Հա, Արմենն է, ասաց ու թեև արտասովոր ոչ մի բան չկար, բայց բոլորս ծիծաղեցինք: Այդ օրը աշխարհը մեր շուրջ էր պտտվում, մեր հեքիաթը ոչ թե բարի ավարտ, այլ բարի շարունակություն ուներ, այդ օրը մենք բոլորին մանանեխի հատիկի չափ հույս ու հավատ էինք բաժանում, այդ օրը բոլորին բարություն էինք հյուրասիրում, այդ օրը երկնքից երեք խնձոր ու մի հրաշք էր ընկել` այդ օրը մեր քույրը` Սուսոն նորից էր ծնվել»:
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող)։
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։