«Վրաստանի վարչապետի այցը Հայաստան լավ հնարավորություն է, որ կողմերը քննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր կարևոր ուղղությունները, ինչպես նաև համագործակցությունը՝ բազմակողմ ձևաչափերում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան ու կարծում եմ, որ չափազանց կարևոր է՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից: Իհարկե, կքննարկենք առևտրա-տնտեսական հարաբերություները, նաև նոր աշխարհաքաղաքական տեսանկյունից Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, կարևոր տրանսպորտային նախագծերը: Կքննարկվի նաև մարդասիրական ուղղությամբ համագործակցությունը: Կքննարկվի մշակույթը, տնտեսությունը, հասարակությունների միջև համագործակցությունը»,- ասել է Զալկալիանին:
Հիշեցնենք, այսօր՝ մայիսի 12-ին մեկնարկեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը ՀՀ:
Ղարիբաշվիլիին կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո դեմ-առ-դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով:
Հանդիպման ավարտից հետո ծրագրված է Ղարիբաշվիլիի և Փաշինյանի միասնական հայտարարությունը ԶԼՄ-ների համար:
Վրաստանի վարչապետի հետ ՀՀ է մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկու այցի ընթացքում էլ նա խոսել է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացմանը միտված Վրաստանի մտադրությունների մասին: 2019-ին Գախարիան ևս վարչապետի պաշտոնում պաշտոնական այց է կատարել ՀՀ: