Ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները հայտնել են, որ այսօրվանից շարունակական բողոքի ակցիաներ են անցկացնելու՝ պահանջելով կառավարությունից ներմուծել իրենց երեխաների համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցը և փոխհատուցել ձեռքբերման ծախսերը։
Երեկ երեկոյան առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպում է ունեցել ծնողների հետ, սակայն, վերջիններիս փոխանցմամբ, նախարարությունը շարունակում է հրաժարվել ֆինանսավորել դեղամիջոցը։
«Մեզ խոստացան, որ եթե սեպտեմբերին նոր տեղեկություններ լինեն, մի քանի եվրոպական երկրներ ևս ավելանան, որոնք ֆինանսավորում են դեղամիջոցն իրենց բյուջեով, Վրաստանը նույնպես այն կներառի հաջորդ տարվա բյուջեում»,- ասել է ծնողներից Քեթևան Բեգիաշվիլին։
Նշենք, որ Ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողներն արդեն տասնյակ ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով իրենց երեխաների համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցը ներմուծել։
Ծնողներն ասում են, որ դեղամիջոցը հաստատվել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) և Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից 2021 թվականին և առաջին դեղամիջոցն է, որն օգտագործվում է ախոնդրոպլազիայի և դրա հետևանքով առաջացած ախտանիշների բուժման համար: