
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրիլ ամսվա ընթացքում կարմրուկի 5 դեպք է գրանցվել։
Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից հաստատել են, որ վերահսկում են ևս 2 հիվանդի. կասկած կա, որ նրանք էլ են կարմրուկի վիրուսով վարակվել։
«Ապրիլ ամսին ունենք 5 հաստատված և 2 չհաստատված դեպք, անցած ամիսներին կարմրուկի դեպք չի գրանցվել», — TOK2Region-ին հայտնել են Ախալքալաքի առողջապահական կենտրոնից։
Վրաստանում կարմրուկով վարակվածության մակարդակը կտրուկ աճել է 2018 թվականին. տարեկան ավելի քան 300 դեպք է հայտնաբերվել։
Կարմրուկը մանկական բարենպաստ վիրուսային վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, նաև` յուրահատուկ էնանթեմայով (Կոպլիկի բծերով)։ Կարմրուկի գանգատներն ու ախտանիշները հայտնվում են վիրուսի հետ շփումից 10-14 օր հետո:
Կարմրուկի գանգատներն ու ախտանիշները սովորաբար ներառում են ջերմություն, չոր հազ, քթահոսություն (հարբուխ), կոկորդի ցավ, բորբոքված աչքեր (կոնյուկտիվիտ), փոքր աղորիքների դիմաց՝ այտի ներքին լորձաթաղանթի վրա, հազվադեպ՝ նաև շրթունքներին կարմրուկին խիստ բնորոշ մանր սպիտակավուն հանգույցիկներ, որոնք սահմանագծված են կարմրավուն նուրբ պսակով և չեն միաձուլվում: