
Ախալքալաքի քաղաքապետարանը սկսել է հանդիպումների շարքը գյուղերի բնակիչների հետ՝ համայնքների ենթակառուցվածքային ծրագրերն ընտրելու համար։ Հանդիպումների ընթացքում բնակիչները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց համայնքի առաջնահերթ խնդիրները, իսկ ծրագրերը կհաստատվեն ձայների մեծամասնությամբ։
Ախալքալաքի քաղաքապետարանը փետրվարի 5-ից 14-ը կազմակերպում է հանդիպումների շարք համայնքների բնակիչների հետ՝ «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ծրագրի նպատակն է պարզել և ֆինանսավորել այն նախագծերը, որոնք լավագույնս կհամապատասխանեն գյուղական բնակչության կարիքներին։ Քաղաքապետարանին հատկացված 922 հազար լարին բաշխվելու է ըստ համայնքների բնակչության թվի՝ ապահովելու արդարացի զարգացման հնարավորություն բոլոր գյուղերի համար։
Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր գյուղի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա անմիջական մասնակցություն ունենալ իր համայնքի զարգացման գործընթացին։ Ֆինանսավորվող նախագծերը կընտրվեն գյուղական ժողովների և խորհրդակցությունների միջոցով, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց կարիքներն ու առաջարկները։ Վերջնական որոշումները կկայացվեն ձայների մեծամասնությամբ, ինչը երաշխավորում է, որ ընտրված ծրագրերը լավագույնս կարտահայտեն համայնքի ընդհանուր շահերը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը փետրվարի 8-ին այցելել է Խանդո գյուղ՝ տեղում ծանոթանալու բնակիչների հխնդիրներին և քննարկելու հիշյալ ծրագրի շրջանակներում իրականացվելիք նախագծերը։ Հանդիպման ընթացքում համայնքի անդամները բարձրաձայնել են մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ գյուղամիջյան և ձորի ճանապարհների անբարեկարգ վիճակը, ինչպես նաև սպորտային տարածքների բացակայությունը։
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ Խանդո գյուղում կկառուցվի ժամանակակից սպորտային համալիր, որը կնպաստի երիտասարդության առողջ ապրելակերպի խթանմանը և համայնքի սոցիալական կյանքի ակտիվացմանը։ Բացի այդ, նախատեսվում է բարելավել գյուղամիջյան ճանապարհները՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ տրանսպորտային կապ։
«Գյուղերի աջակցության ծրագիրը» ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրների լուծման միջոց է, այլև կարևոր գործիք համայնքի ներգրավվածության և տեղական ժողովրդավարության զարգացման համար։ Բնակիչների ակտիվ մասնակցությունը ծրագրերի ընտրության և իրականացման գործընթացին կնպաստի գյուղական կյանքի որակի բարձրացմանը և համայնքների համաչափ զարգացմանը։
Նախաձեռնությունը կարևոր քայլ է տեղական մակարդակով խնդիրների լուծման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Ակնկալվում է, որ «Գյուղերի աջակցության ծրագրի» միջոցով կուժեղանա բնակչության ներգրավվածությունը համայնքային կյանքում, կբարձրանա կյանքի որակը գյուղերում՝ ստեղծելով նորանոր հնարավորություններ տեղական զարգացման համար։
Քաղաքապետը վստահեցրել է՝ շարունակելու է նմանատիպ հանդիպումներն Ախալքալաքի շրջանի մյուս գյուղերում ևս՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր համայնքի ձայնը կլսվի և հաշվի կառնվի ծրագրերի իրականացման փուլում։