Ախալքալաքում և Նինոծմինդայում նախատոնական եռուզեռ է

Ախալքալաքում և Նինոծմինդայում սկսվել են նախատոնական աշխատանքները։ Ախալքալաքի կենտրոնական «Խաս Բախչա» զբոսայգում տեղադրվել է քաղաքի կենտրոնական տոնածառը, զարդարվել է Ազատության պողոտան։

Ախալքալաքի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնական տոնածառը զարդարելու համար հայտարարել էր 60 հազար լարի արժողությամբ էլեկտրոնային մրցույթ, որը ներառում է տոնական լուսավորության և դեկորացիաների ապահովում։

Ախալքալաքի տասը մետրանոց տոնածառի լույսերը կվառվեն դեկտմբերի 26-ին։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ձգտել են անել առավելագույնը` բնակիչների համար տոնը հեքիաթային ու անմոռանալի դարձնելու համար։

«Այս տարի ևս սպասվում է հետաքրքիր տոնական միջոցառում` համեմված տեղի և այլ վայրերից ժամանած արտիստների ելույթներով։ Տոնածառն այս տարի նոր վայրում է տեղադրվել, նաև հատկանշական է այն, որ տոնածառը կզարդարեն Թբիլիսիից ժամանած դիզայներները», —  նշեց քաղաքապետը։

Տեղեկության համաձայն, Ախալքալաքում ամանորյա ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 26-ի ժամը 14:00-ին և կտևի մինչև ժամը 19:30-ը:

 

Նինոծմինդայում այս տարի ևս կենտրոնական տոնածառը տեղադրվել է «Հայոս-Քարթլոս» պուրակում։ Ամանորյա տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին։

Նինոծմինդայի քաղաքապետարանն ամանորյա զարդարանքների համար 14 հազար լարի արժողությամբ էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել նոյեմբերի 28-ին։ Արդյունքում տեղադրվեց հին տոնածառը, սակայն՝ նոր զարդարանքներով։ Այս պահի դրությամբ տոնածառը զարդարման փուլում է։

Լուսանկարը՝ Parvana.ge-ից