Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) հայտնվել են անելանելի իրավիճակում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում կանանց խնդիրներով զբաղվող «Առաջ դեպի նոր հնարավորություններ» հասարակական կազմակերպության տնօրեն Լյոլյա Ռայիսյանը նշում է.
«Օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում, թե ինչ կսպասվի, չեմ կարող հստակ պատասխան տալ։ Այս օրենքը նոր է, մենք դրան մինչև վերջ չենք ծանոթացել, շատ մանրամասներ չգիտենք։ Շատ կազմակերպություններ կխուսափեն տուգանքներից, իսկ մենք՝ կփորձենք անել ամեն ինչ՝ կրկին աջակցելու շահառուներին։ Փաստ է, սակայն, նման պայմաններում դա բարդ կլինի», — ասում է Ռայիսյանը։
Կանանց հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ի տնօրեն և ավելի քան 5 տարի կանանց հետ աշխատելու փորձ ունեցող Լյոլյա Ռայիսյանը, նշում է․
«Մեր շահառու կանայք, բազում նախագծերի միջոցով սովորել, աշխատանք են ձեռք բերել, նրանց աշխարհայաքը փոխվել է, փոխվել է նրանց առօրյան, շփումը մարդկանց հետ, շրջապատը, ինչը քիչ բան չէ, հետևաբար այն կանայք, ովքեր արդեն մեր շահառուներն են այնքան շատ բան չեն կորցնում, որքան այն կանայք, ովքեր հնարավոր է չհասցնեն օգտվել նման ծրագրերից», — հավելում է նա։
Լելյա Ռաիսյանը երկար ժամանակ է աշխատում ՀԿ-ներում։ Նա բազմաթիվ ծրագրեր և նախագծեր է իրականացրել տարածաշրջանի ինչպես կանանց, այնպես էլ երիտասարդների համար: Ավելի քան 5 տարի է, ինչ նա կանանց հետ է աշխատում, իսկ մինչ այդ ավելի քան 10 տարի աշխատել է երիտասարդների հետ։
Լյոլա Ռայիսյանը տասնյակ ծրագրեր է իրականացրել, այդ թվում ամենակարևոր և մասշտաբայիններից մեկը՝ «Կանանց տնտեսական զարգացման ծրագիրը», որն իրականացվել է Ախալքալաքում 2019-2023 թվականներին։ Ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամը և Ավստրիական զարգացման հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 28 ծրագիր՝ շուրջ 40 հազար լարի ընդհանուր գումարով։ Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած կանայք կարողացել են բացել իրենց սեփական բիզնեսը, սկսել դառնալ տնտեսապես անկախ։
Լյոլյա Ռայիսյանի ստեղծած ՀԿ-ի միջոցով ավելի քան 4 տասնյակ մարդ է աշխատանքի տեղավորվել։
Նինոծմինդայում ևս, ՀԿ-ներին նույն վտանգն է սպառնում։ Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում տարիներ է ինչ երիտասարդների համար տարբեր նախագծեր են գործարկվում։ «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է USAID/UNAG-ի միջոցով՝ երիտասարդներին տրամադրելով միկրո դրամաշնորհներ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Ծրագիրն այս պահին գործում է և Ախալքալքում, և նինոծմինդայում։ Նինոծմինդայում ծրագրի համակարգողն է Իրինա Կարսլյանը։
Կարսլյանը «Ալիք Մեդայի» հարցին, թե ինչպիսին կլինի ծրագրի և երիտասարդական կենտրոնի հետագա գործունեությունն օրենքի ուժի մեջ մտնելու պայմաններում, պատասխանում է «որպես գործակալ չենք գրանցվի»։
Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։