Այսօր` հուլիսի 22-ին, Ախալքալաքում բացվեց «Ջավախք» ճամբարը, որը, սկսած 2012 թվականից, ամեն տարվա ամռանը կազմակերպում են ԱՄՆ-ից, Կանադայից և Ֆրանսիայից ժամանած հայազգի երիտասարդներ։ Ծրագիրն Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում իրականացնում է Վրաստանում գործող Հայ օգնության միությունը։
Ախալքալաքի ճամբարի բացման արարողությանը ներկա էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, մանկավարժներ, ծնողներ և այլք։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը բացման արարողության իր ելույթում բարի երթ մաղթեց ճամբարականներին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի Հայ օգնության միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը։ Նա խոսեց ճամբարական օրերի անցկացման ձևաչափի մասին։
ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից ժամանած 13 երիտասարդ խմբապետների անունից ողջույնի խոսքով ներկայացան ճամբարի պատասխանատուներ Արենի Համբարյանն ու Արամ Ադամյանը։ Նրանք խոսեցին ճամբարում իրականացվելիք իրենց ծրագրերի մասին։
Արենի Համբարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ տարվա ընթացքում մեծ սպասելիքներով է սպասում ճամբարի բացմանը և փոքրիկների հետ աշխատանքին։
«Երեք խմբի ենք բաժանել երեխաներին` մեծեր, միջնեկներ և փոքրիկներ։ Դասախոսություններ ենք կարդում տարբեր թեմաներով՝ պատմություն, արվեստ, սպորտ և այլն, պարի դասեր ենք կազմակերպում, նաև` բացօթյա մարմնամարզություն։ Մեր նպատակն է այս փոքրիկների և պատանիների հետ նոր կապեր ստեղծել, ծանոթանալ, աշխատել նրանց հետ, ինչը շատ հաճելի է», — ասաց Համբարյանը. նա ԱՄՆ-ից է եկել Ախալքալաք, առաջիկա 6 օրերին ճամբարի պատասխանատուն ինքն է։
Սփյուռքից ժամանած երիտասարդներին այստեղ օգնում են Երիտասարդական կենտրոնի աշխատակիցները, օգնականներից մեկը Ստելլա Ճնավայանն է, նա Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղից է․
«Արդեն երկրորդ տարին է օգնական եմ, շատ հաճելի է երեխաների հետ աշխատել, բոլոր միջոցառումները շատ հետաքրքիր են, իմ նախասիրություններից ելնելով` ամենաշատը հավանում եմ պարի դասերը։ Երեխաները ևս շատ մեծ սպասելիքներ ունեն ճամբարից, ցանկանում են շատ լավ ժամանակ անցկացնել, մենք՝ մեր հերթին, փորձում ենք անել հնարավոր առավելագույնը», — ասաց Ստելլան։ Նա արդեն Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսեցի է։
Ճամբարին մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ և պատանիներ թե՛ Ախալքալաքից, թե՛ մունիցիպալիտետի գյուղերից։ Կարտիկամ գյուղից Եկատերինա Էլիզբարյանը, որ դեռևս դպրոցական է, ևս ճամբարական է։ Նա նշեց, որ արդեն մի քանի ամիս հաճախում է երիտասարդական կենտրոնի տարբեր դասընթացների․
«Երբ լսեցի որ ամառային ճամբար կա, որոշեցի գրանցվել` այս 6 օրերի ընթացքում նոր բաներ սովորելու, ընկերներ ձեռք բերելու և ավելի շփվող դառնալու համար։ Այս տարի առաջին անգամ եմ մասնակցում, այսօր առաջին օրն է, դեռ ոչինչ չեմ կարող ասել, սակայն մեծ սպասելիքներ ունեմ», — ասաց Եկատերինան։
Տեղեկության համաձայն, Ախալքալաքում այս տարվա ճամբարին մասնակցում է 160 երեխա, իսկ Ախալցիխեում՝ 130։ Ճամբարը 6-օրյա Է, միջոցառումներն սկսվում են ժամը 9։30-ին և ավարտվում ժամը 16։30-ին։ Ճամբարի շրջանակներում նախատեսված են նաև ճանաչողական էքսկուրսիաներ մարզի տարածքում։
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ճամբարներ կկազմակերպվեն նաև Նինոծմինդայում և Ծալկայի մունցիպալիտետի գյուղերից մեկում` Դարագյուղում։