Այսօր առավոտյան Թբիլիսի է տեղափոխվել երեկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքիի նախընտրական շտաբի վրա հարձակման հետևանքով տուժած ևս երեք ակտիվիստ։
Գիշերվա ընթացքում նրանց առողջական վիճակը վատթարացել է: Ըստ վնասվածքաբանական հիվանդանոցի բժիշկների, նրանք ուղեղի ցնցում են ստացել և վնասվածքներ ունեն գլխի հատվածում, այժմ գտնվում են վիրաբուժության բաժանմունքում: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Ախալքալաքիի միջադեպից հետո ևս մեկ ակտիվիստ ավելի վաղ տեղափոխվել էր մայրաքաղաք: Միավորված ընդդիմության առաջնորդներն Ախալքալաքի հիվանդանոցի բժիշկներին մեղադրում են անուշադրության և հիվանդին անհիմն դուրս գրելու մեջ: Ընդդիմությունը հայտարարել է, թե օբյեկտիվ հետաքննության հույս էլ չունի:
«Գլխի հատվածում արտաքին վնասվածքներն ունեմ: Անցած գիշեր առողջական վիճակս ավելի բարդացավ, տեղափոխեցին Թբիլիսի: Այս միջադեպով «Վրացական երազանքը» փորձում է քաղաքական հակառակորդներին վախեցնել, նրանց նպատակն է ուժ ցուցադրել: Հուսով եմ, որ հետաքննությունը կպարզի մեղավորներին», — ասել է ընդդիմության տուժած ակտիվիստ Տիգրան Աբրահամյանը: