Վրացական Rustavi 2 հեռուստաընկերության փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին Ախալքալաքիում կրկին միջադեպ է տեղի ունեցել:
Այս անգամ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Ռեմիկ Պողոսյանը, որը նոյեմբերի 4-ին Rustavi 2 հեռուստաընկերության P.S. հաղորդման եթերում խոսել է Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի կոռուպցիոն գործարքների մասին: Պողոսյանը Ախալքալաքիի դեպքերի մասին հատուկ հաղորդման ժամանակ նշել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորը ղեկավարում է շրջանի ողջ բիզնեսը, արհեստականորեն կարգավորում է կարտոֆիլի գները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ առանց եկամտի են մնում:
«Ողջ քաղաքը գիտի, որ բոլոր բենզալցակայաններն այս մարդու ընտանիքին են պատկանում: Այս մարդը խոստացել էր՝ այնպես է անելու, որ Թուրքիայի հետ սահմանը փակվի, ինչից հետո տեղական կարտոֆիլի գինը կբարձրանա և կվաճառվի: Բայց հետո հակառակը տեղի ունեցավ: Այնպես եղավ, որ կարտոֆիլի գինը նվազեց, հասավ մինչև 10 թեթրիի, մեծ մասն էլ փչացավ»,- ասել էր Պողոսյանը P.S-ի եթերում:
Այս հարցազրույցից երկու օր անց մահակներով հարձակվել են Ռեմիկ Պողոսյանի վրա և նրան դաժան ծեծի ենթարկել: Փոխանցում է Rustavi 2-ը։
Միավորված ընդդիմության նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքերով, իշխանությունը ցանկանում է վախեցնել բնակչությանը, սակայն նա վստահ է, որ Ախալքալաքիում և Նինոծմինդայում հենց այս քայլերի հետևանքով երկրորդ փուլում իշխանությունը կպարտվի:
Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության անդամ Հենզել Մկոյանին, ում ընդդիմությունը մեղադրում է ինչպես առաջին հարձակման, այնպես էլ այս դեպքը կազմակերպելու մեջ, տեղի ունեցածի հետ իր կապը կտրականապես հերքել է:
«Առավոտյան ժամը 10:30-ից ես գտնվում եմ շտաբում, ամեն 30 րոպեն մեկ տարբեր համայնքներից մարդկանց էի ընդունում։ Բոլորն էլ կարող են հաստատել, որ ես եղել եմ շտաբում: 15 րոպե եմ բացակայել, գնացել եմ շրջանային ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին: Դրանից կես ժամ անց ես լսեցի, որ Rustavi 2-ը տեղեկություն է տարածել, որ կրկին միջադեպ է տեղի ունեցել, և կրկին մեղավոր ես եմ: Սա հերթական զրպարտությունն է: Իմ դեմ կազմակերպված աշխատանք է տարվում, նրանք խաղում են իմ հեղինակության հետ: Մարդիկ շատ բան կարող են ասել, ես ում կարող եմ լռեցնել: Ինչպես ես կարող եմ որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ինչպես կարող եմ, ես միաժամանակ լսել այդքան շատ մարդկանց, պատասխանել բոլորի հարցերին և ճնշում գործադրել որևէ մեկի վրա: Ես հավատում եմ մեր իրավապահ մարմիններին, որ նրանք ամեն ինչ կբացահայտեն։ Պարզ կդառնա, որ դա զրպարտություն է», – հայտարարել է Հենզել Մկոյանը:
Նոյեմբերի 7-ին ուշ երեկոյան ավարտվել է Ռեմիկ Պողոսյանի հարցաքննությունը, որից հետո Rustavi 2 -ի «Կուրիերի» (լրատվական հաղորդում) հետ զրույցում տուժողը ոչ հերքել է, ոչ էլ ընդունել իր վրա հարձակման փաստը:
«Գիտակցությունս կորցրած էի, չեմ հիշում»,- հայտնել է Պողոսյանը: Տուժածի ընտանիքի անդամները, սակայն հաստատել են, որ Պողոսյանի վրա հարձակվել են դիմակներով տղամարդիկ և դաժան ծեծի ենթարկել:
«Իմ որդու վրա հարձակվողների թվում էր պատգամավորը, նրա եղբայրն ու եղբորորդին: Այդ մարդիկ այստեղ եկան երկու մեքենայով: Իսկ բաժնում իմ որդուն հարցաքննել է 10 ոստիկան: Կարծում եմ՝ նորմալ չէ, երբ մի տուժածի հարցաքննությունն իրականացնում է այսքան թվով իրավապահ: Բոլորը ազատ են, ում ուզեն նրան էլ կընտրեն: Ժողովուրդը ուզում է, որ Հենզել Մկոյանը և նրա բանդան Ախալքալաքիից հեռանա»,- հայտնել է տուժածի հայրը՝ Ռոբերտ Պողոսյանը: